ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը խորհրդակցություն է անցկացրել Ծառայության մարզային կենտրոնների ղեկավարների մասնակցությամբ: Ծառայության ղեկավարը մասնավորեցրել է հանդիպման նպատակը՝ հանձնարարելով նախատոնական և հետտոնական օրերին՝ 2016 թվականի դեկտեմբերի 23-ից մինչև 2017 թվականի հունվարի 8-ը, խստացնել պետական վերահսկողությունը: Մասնավորապես՝ կկազմավորվեն արագ արձագանքման աշխատանքային խմբեր, որոնք պետք է առևտրի կենտրոններում, պարենային ապրանքների խանութներում, մսի վաճառքի կետերում իրականացնեն հսկողական շրջայցեր՝ ուսումնասիրելով պիտանիության ժամկետները և պահման պայմաններին ներկայացվող պահանջներին համապատասխանությունը:
Ծառայության մարզային կենտրոնների պետերը Իշխան Կարապետյանին ներկայացրել են անցած մեկ ամսում կատարված աշխատանքները:
Այս ընթացքում ՍԱՊԾ մարզային բոլոր կենտրոններում կազմակերպվել են նաև ոլորտային հանդիպումներ իրացման խոշոր ցանցերի, զովացուցիչ ըմպելիքների, հաց-հացամթերքի, կաթ-կաթնամթերքի, միս-մսամթերքի արտադրությամբ զբաղվող տնտեսավարողների հետ. քննարկվել են սննդամթերքի պիտանիության ժամկետին, մակնշմանը, սանիտարահիգիենիկ իրավիճակին ներկայացվող պահանջները, դիտարկումների և ստուգումների ընթացակարգերը, սննդի շղթայի օպերատորների գրանցման կարգը, շուկայահանված մսին ներկայացվող անասնաբուժասանիտարական անվտանգության և հիգիենիկ պահանջների ապահովման անհրաժեշտությունը, տրվել են համապատասխան պարզաբանումներ և ցուցումներ: Որոշ մարզերում, նախատոնական օրերին կենդանական ծագման մթերքների փողոցային առևտրի արգելման համար ձեռնարկվող քայլերն ու միջոցները քննարկելու նպատակով, հանդիպումներ են կազմակերպվել տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիների հետ: Մասնավորապես՝ քննարկվել է մսի վաճառքով զբաղվողներին վաճառքի այլընտրանքային՝ սանիտարահիգիենիկ համապատասխան պայմաններով, տարածքներ հատկացնելու հարցը՝ մսի փողոցային վաճառքը բացառելու նպատակով:
Ընդհանուր առմամբ՝ այս ժամանակահատվածում Ծառայության մասնագետների կողմից հաշվառվել է սննդի շղթայի 2 541 տնտեսավարող սուբյեկտ, միաժամանակ, նշված սուբյեկտներին տրամադրվել է խորհրդատվություն:
Ամփոփելով խորհրդակցության արդյունքները և նշելով, որ հանդիպումներն այսուհետ լինելու են պարբերական-ամենամսյա, ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը տվել է հանձնարարականներ՝ մարզերում հայտնաբերված անհամապատասխանությունների և խախտումների վերացման, ինչպես նաև տոնական օրերին վերահսկողությունը խստացնելու վերաբերյալ: Նա ևս մեկ անգամ շեշտել է պետական վերահսկողության շրջանակներում նախ համակարգային խնդիրները հայտնաբերելու և թերությունները վերացնելու նպատակով տնտեսավարողներին խորհրդատվություն տրամադրելու անհրաժեշտությունը:

