Սյունիքի մարզի Գորիս քաղաքի թիվ 3 դպրոցի 1-4-րդ դասարանների աշակերտների շրջանում 2017թ. սեպտեմբերի 14-ից արձանագրված բռնկման արդյունքում «Գորիս բժշկական կենտրոն» ՓԲԸ է դիմել միջին ծանրության 27 հիվանդ՝ «աղիքային վարակ» նախնական ախտորոշմամբ։ Հիվանդներն ունեցել են միանման գանգատներ՝ լուծ, այդ թվում՝ արյունային, բարձր ջերմություն, սրտխառնոց, փսխում: Բացի այդ բակային համայցերի արդյունքում հայտնաբերվել է ևս 11 հիվանդ, որոնք ստանում են ամբուլատոր բուժում և նրանց վիճակը գնահատվում է թեթև:
Թվով 27 հիվանդից 21-ի մոտ, դպրոցի սննդի կառուցահատվածի 3 աշխատակիցներից 2-ի մոտ, 14 կոնտակտավորներից 7-ի մոտ և սննդամթերքի 4 նմուշներից 2-ում հայտնաբերվել է միևնույն «Շիգելա Զոնե» տեսակի հարուցիչը:
Այսպիսով, ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի թիվ 3 հիմնական դպրոցի առաջինից չորրորդ դասարանների աշակերտների մոտ գրանցված աղիքային վարակիչ հիվանդության՝ շիգելոզի (դիզենտերիա), առաջացման պատճառը նշված դասարանների աշակերտներին տրված սննդամթերքի երկրորդային աղտոտումն է:
Դպրոցում իրականացվել են հակահամաճարակային միջոցառումներ, այդ թվում՝ ախտահանում: Հիվանդների բուժումը շարունակվում է, նրանց վիճակը գնահատվում է բավարար, նոր հիվանդներ չկան:
ՀՀ առողջապահության նախարարություն,
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն