2013 թվականի հունիսի 14-ին ք. Երևանի «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնի «Էրեբունի» սրահում տեղի ունեցավ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պաշտոնական կայքի բացման շնորհանդեսը:
Կայքը ներկայացրեց Ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը:
Նրա ներկայացմամբ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պաշտոնական նոր կայքը ուղղակի կայք չէ. այն նաև հանդիսանում է տեղեկատվության ներմուծման և ստացման ճկուն համակարգ: Կայքի միջոցով հանրությունը հնարավորություն է ստանում առցանց ծանոթանալ Ծառայության գործունեությանը (նկարագրին, նպատակներին, խնդիրներին, գործառույթներին, կառուցվածքին, ռազմավարությանը և այլն), Ծառայությանն առնչվող օրենսդրությանը, նորություններին և այլն:
Ծառայության կայքը մի շարք օգտակար գործիքներ և բաժիններ ունի՝ նախատեսված տնտեսավարողների համար, որոնց միջոցով վերջիններս հնարավորություն են ստանում առցանց գրանցվելու Ծառայության տնտեսավարողների բանկում, ինչպես նաև անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու սննդամթերքի ներմուծման և արտահանման հսկողության պահանջների, տուրքերի ու վճարումների և այլնի վերաբերյալ:
Ծառայության պետը նշեց, որ կայքն ունի օգտակար գործիքակազմ նաև հանրության համար: Մասնավորապես «Դիմեք մեզ» բաժնում ներկայացված է քաղաքացիների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների կողմից դիմում – բողոքների և տեղեկատվության ստացման հարցումների հեշտացված կարգը:
Կայքի ստեղծման վրա կատարվել է զգալի աշխատանք, որպեսզի մեծածավալ տեղեկատվությունն ինտերնետ – օգտատերերին հասանելի դառնա հնարավորինս հեշտացված կարգով:
Կայքը չափազանց արագագործ է և համապատասխանում է անվտանգության բարձր ցուցանիշների:
Շնորհանդեսին ներկա էին հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, դիվանագիտական կառույցների և միջազգային կառույցների ներկայացուցիչներ: