Բույսերի պաշտպանության եվրոպական և միջերկրածովյան կազմակերպության տվյալների համաձայն (1997թ.) Եվրոպայի համար կարանտին նշանակություն ունեն ավելի քան 300 տեսակ վնասատուներ, հիվանդություններ և մոլախոտեր:
Կարտոֆիլի քաղցկեղը (Synchytrium endobioticum (Schilb.) Perc.) սնկային հիվանդություն է: Հայրենիքը Հարավային Ամերիկան է (Պերու): Առաջին անգամ կարտոֆիլի քաղցկեղը նկարագրվել է 1888թ. Ավստրո-Հունգարիայում:
Ներկայումս հիվանդությունը տարածված է Հարավային Ամերիկայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Մեքսիկայում, Կանադայում, Նոր Զելանդիայում, Չինաստանում, Հնդկաստանում, Նեպալում, Բուտանում, Ավստրիայում, Չեխիայում, Սլովակիայում, Դանիայում, Ֆինլանդիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Հոլանդիանում, Իռլանդիայում, Նորվեգիայում, Լեհաստանում, Ռումինիայում, Շվեյցարիայում, Թուրքիայում, Մեծ Բրիտանիայում, Հարավսլավիայում, Ռուսաստանի Դաշնությունում, Ուկրաինայում:
Հայաստանում կարտոֆիլի քաղցկեղն առաջին անգամ հայտնաբերվել է 1982թ. նախկին Կրասնոսելսկի շրջանի կարտոֆիլի ցանքերում, և այդ սկզբնական վարակի օջախով այսօրվա դրությամբ սահմանափակվում է հիվանդության արէալը հանրապետությունում: Հիվանդության հարուցիչի ձմեռային զոոսպորանգիումները (ցիստերը) կլորավուն են՝ 30-80մկմ, մի կողմից գոգավոր, ոսկե դարչնավուն գույնի և ծածկված են երեք թաղանթներով: Ցիստերը գտնվում են քաղցկեղի ուռուցքներում, իսկ վերջիններիս փտումից հետո հայտնվում են հողի մեջ կամ կպչում են պալարներին: Զոոսպորներն անգույն են, ձվաձև կամ տանձաձև՝ 2-2.5մկմ, մտրակի երկարությունը 10-25մկմ է՝ ուղղված ետ: Կարտոֆիլի քաղցկեղի հարուցիչը միցելիում չառաջացնող ներբջջային մակաբույծ է: Գարնանը, 15-17 աստիճան կայուն ջերմության պայմաններում, զոոսպորանգիումներից դուրս են գալիս մեկ մտրականի շարժուն զոոսպորներ, որոնք շփվելով կարտոֆիլի բույսի հետ՝ քայքայում են հյուսվածքների էպիդերմիսի թաղանթը և առաջացած ճեղքի միջոցով թափանցում բջջի մեջ, ծծում սննդարար նյութերը, աճում: Վնասված բջիջը չափսերով մեծանում է, և նրանում ներառված սունկը, որոշ ժամանակ անց բաժանվում է 5-7 բազմակորիզ բջիջների՝ ամառային զոոսպորանգիումների: Զոոսպորները հողի խոնավության հետ տեղաշարժվում են մազանոթներով և նորից վարակում կարտոֆիլի աճող հյուսվածքները: Զարգացման ցիկլը կրկնվում է:
Կարտոֆիլի հյուսվածքների վարակվելու հետևանքով վնասված և նրան կից բջիջները կտրուկ մեծանում են, հյուսվածքների վրա առաջանում են ուռուցքներ՝ արտաքին տեսքով հիշեցնելով ծաղկակաղամբ: Վեգետացիայի վերջում ձմեռային զոոսպորանգիումների առաջացմամբ ավարտվում է քաղցկեղի հարուցիչի զարգացումը:
1.Կարտոֆիլի ուռուցքները պալարների և ստոլոնների վրա: 2.Ցիստերը ուռուցքի կտրվածքի մեջ:
Ձմեռային զոոսպորանգիումները, շնորհիվ հաստ թաղանթի և գտնվելով հողում հանգստի վիճակում, կարող են ավելի քան 30 տարի չկորցնել աճելու և կարտոֆիլին վարակելու ընդունակությունը:
Քաղցկեղի հարուցիչի զարգացումը չի սահմանափակվում կլիմայական առանձնահատկություններով: Այն կարող է զարգանալ ինչպես առատ, այնպես և քիչ տեղումներով երկրներում, տարբեր տիպի հողերում և ջերմության պայմաններում:
Քաղցկեղի հարուցիչը վարակում է կարտոֆիլի բույսի բոլոր մասերին, բացառությամբ արմատների: Բոլորից հաճախ վնասվում են պալարները և ստոլոնները, իսկ հազվագյուտ դեպքերում՝ ցողունների հիմքերը, ցածի տերևները և ծաղիկները:
Վնասված պալարները պիտանի չեն սննդի համար: Բացի կարտոֆիլից, քաղցկեղի հարուցիչը կարող է վարակել լոլիկին և մորմազգիների ընտանիքի մի քանի տեսակներին:
Կարանտին սահմանափակումներ և պայքարի միջոցառումներ
Կտրականապես արգելվում է կարտոֆիլի քաղցկեղով վարակված տնտեսություններից այդ հիվանդությունից ազատ տնտեսություններ տեղափոխել կարտոֆիլի պալարներ և արմատապտուղներ:
Քաղցկեղի հետագա տարածումը կանխելու նպատակով անհրաժեշտ է կիրառել կարանտին ծառայության կողմից սահմանված բոլոր միջոցառումները: Մասնավորապես, արգելվում է քաղցկեղով վարակված հողամասերում հինգ տարվա ընթացքում աճեցնել կարտոֆիլ, լոլիկ, արմատապտուղներ և ուրիշ բույսեր, որոնց ստորգետնյա մասերը հանվում են վաճառքի կամ օգտագործվում են բազմացման համար:
Հարկավոր է հավաքել վարակված պալարները, փրերը և ստոլոնները, ախտահանել ֆորմալինով կամ քլորակիրով, ապա թողնել հողում ոչ պակաս, քան 1 մ խորությամբ:
Հողի մշակման ընթացքում օգտագործված գործիքները և տարաները անհրաժեշտ է լվանալ ջրով, այնուհետև ախտահանել ֆորմալինի 15% լուծույթով:
Վարակված հողամասերում մշակել կարտոֆիլի քաղցկեղադիմացկուն սորտեր, ինչպես նաև քաղցկեղով չվարակվող մշակաբույսեր (կաղամբ, վարունգ, եգիպտացորեն, ծխախոտ, թիթեռնածաղկավորներ):
Այն տնտեսությունները, որոնցում հայտնաբերվել է քաղցկեղ, պարարտացման նպատակով գոմաղբը օգտագործել միայն վարակված հողամասերում:
Կարտոֆիլի քաղցկեղի դեմ պայքարելու համար, նախքան ցանքը պալարները մշակել ֆունդազոլի (50% թրջվող փոշի) 0.5-0.7 կգ/տ նորմայով: