ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը սահմանային վերահսկողության շրջանակներում հայտնաբերել էր, որ Ռուսաստանի Դաշնությունից ներկրվող ձվի խմբաքանակի մի մասը մակնշված չէ: Թվային արտահայտությամբ՝ 900 արկղից մակնշում չի ունեցել 400-ը՝ 144 հազար ձուն:
Մակնշմանը ներկայացվող ՀՀ օրենսդրության պահանջների խախտման հիմքով՝ Ծառայությունը ներկրված ապրանքը չի թույլատրել իրացնել ՀՀ տարածքում ՝ մինչև հայտնաբերված խախտման վերացումը և օրենսդրությամբ մակնշման պահանջների ապահովումը՝ համաձայն «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի, Մաքսային Միության 022/2011 տեխնիկական կանոնակարգի 4-րդ հոդվածի 4.1 մասի և ՀՀ կառավարության 2011 թ. 1438-Ն որոշմամբ հաստատված՝ Ձվի և ձվամթերքի տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների: Ծառայությունը, սակայն, հետագայում պարզել է, որ տնտեսավարողը, չկատարելով օրենսդրության պահանջները, 370 արկղ չմակնշված ձուն հանձնել է իրացման (Նշենք, որ խմբաքանակը ենթարկվել է անասնաբուժասանիտարական լաբորատոր փորձաքննության, արդյունքում ցուցանիշներում որևէ շեղում չի արձանագրվել):
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կազմել է վարչական իրավավախտման արձանագրություն, տվել կարգադրագիր՝ նշված ապրանքը չիրացնելու և հետ կանչելու վերաբերյալ: Ներմուծող տնտեսավարողը՝ «Հավիցա» ՍՊԸ-ն, կենթարկվի վարչական պատասխանատվության: