
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը նոյեմբերի 20-ի առավոտյան սոցիալական ցանցից տեղեկացել էր, որ իրացման ցանցում վաճառվում է «Լուսակերտ» թռչնաբուծական ֆաբրիկայի արտադրած ձու՝ 21.11.2016 մակնշումով:
Ծառայությունն անմիջապես արտադրողին տեղեկացրել է իրացման ցանցում հայտնված՝ սխալ մակնշված ձվի մասին և հորդորել սեղմ ժամկետում հետ կանչել խախտում ունեցող խմբաքանակը: Թռչնաֆաբրիկան ընդունել է, որ քաղաքացու մատնանշած վաճառքի կետից ուրբաթ երեկոյան ստացել է մեկ արկղ ձու մատակարարելու պատվեր, և, տեխնիկական վրիպակի պատճառով, սխալ ժամկետ է մակնշվել մեկ արկղի վրա. վաճառքի այլ կետեր այն չի ուղարկվել:
«Լուսակերտի» թռչնաֆաբրիկան ՍԱՊԾ զգուշացումից հետո նույն օրը հետ է կանչել նշված խմբաքանակը՝ հայցելով սպառողների ներողամտությունը:
