2015թ. հուլիսի 17-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում տեղի ունեցավ ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի կողմից Համաշխարհային բանկի Ինստիտուցիոնալ զարգացման հիմնադրամի աջակցությամբ իրականացվող և «Սննդամթերքի անվտանգության կարողությունների զարգացման» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում մշակված՝ սննդամթերքի անվտանգության բնագավառում հանրային իրազեկվածության վերաբերյալ սոցիոլոգիական հարցման հաշվետվության հանրային քննարկում, որին իրենց մասնակցությունն ունեցան թե Ծառայության աշխատակազմի, թե հասարակական կազմակերպությունների և թե միջազգային կառույցների ներկայացուցիչներ:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվանգության պետական ծառայության պետի տեղակալ Լուսինե Դավթյանը ողջունեց ներկաներին և շեշտեց սոցհարցման ու քննարկման կարևորությունը սպառողների շրջանում սննդամթերքի վերաբերյալ իրազեկվածության բացերը լրացնելու հարցում: Նա նշեց, որ Ծառայությունը հարցումն ու դրա հանրային քննարկումը նախաձեռնել է իրազեկման ուղղությամբ քայլերն առավել հասցեական դարձնելու նպատակով, միաժամանակ ՀԿ-ների հետ համագործակցության միջոցով ավելի մեծ արդյունքի հասնելու ակնկալիքով:

Հետազոտության անցկացման անհրաժեշտությունն առաջացել է ՀԲ-ի խորհրդատու Դր. Դան Պետրեսկուի կողմից իրականացված աշխատանքի՝ Սննդամթերքի անվտանգության բնագավառում հաղորդակցության ներկա իրավիճակի գնահատման և ՍԱՊԾ հաղորդակցության ռազմավարության և գործողությունների պլանի մշակման արդյունքում, որի իրագործման համար անհրաժեշտ էին քանակական և որակական տվյալներ:

Սոցիալական հարցումն իրականացնող «ԱՄ ՓԱՐԹՆԸՐԶ» ըներության ծրագրերի ղեկավար Վարդան Աղբալյանը հանգամանալից ներկայացրեց սննդամթերքի անվտանգության բնագավառում հանրային իրազեկվածության վերաբերյալ հարցման հաշվետվության մեթոդոլոգիան ու արդյունքները՝ ընդգծելով, որ այս նախաձեռնությունը նախևառաջ բաց ու թափանցիկ աշխատանքի ազդակ է ՍԱՊԾ-ի կողմից:

Սննդամթերքի անվտանգության բնագավառում հանրային իրազեկվածության վերաբերյալ սոցիալական հարցումը լուծում է երկու խնդիր՝

1. Հանրային իրազեկվածության լայնածավալ քանակական հետազոտության միջոցով ապահովում է թարմ տվյալներ, որոնց միջոցով կարելի է լրացումներ անել ՍԱՊԾ հաղորդակցության ռազմավարության և գործողությունների պլանում,

2. Սննդամթերքի անվտանգության հարցերի շուրջ հանրության իրազեկվածության մակարդակի և տեղեկատվական կարիքների կանոնավոր մոնիթորինգի համար այն ծառայում է որպես ելակետային տվյալների բազա:

Հետազոտության առարկան են եղել սննդամթերքի անվտանգության վերաբերյալ սննդամթերքի գնորդների տեղեկացվածության, վստահության և վարքագծի հարցերը: Հարցուպատասխանի, այնուհետև նաև քննարկումների մրջոցով հասարակական և միջազգային կառույցների ներկայացուցիչները տեսակետներ հնչեցրին թիրախային խմբերի ընտրության, քաղաքային և գյուղական համայնքներում սպառողների առանձնահատկությունների, իրազեկվածության մակարդակի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառների վերաբերյալ: Առաջարկներ եղան աշխատանքները բարելավելու ուղղությամբ, մասնավորապես՝ սոցհարցումը ելակետային ու ընդհանրական բազա դիտարկելու և միասնական լուծումներ գտնելու մասին:

Քննարկման մասնակցիները եկան եզրահանգման, որ սննդամթերքի անվտանգության հարցերի շուրջ հանրային իրազեկվածության բարձրացումը պետք է լինի ՍԱՊԾ-ի ուշադրության առանցքում և որ սպառողների իրազեկման հարցում մեծ է նաև հասարակական կազմակերպությունների դերն ու կարևոր համագործակցոթյունը վերջիններիս հետ: Այս համատեքստում կարևորվեց ՍԱՊԾ-ին կից հանրային խորհրդի առաջիկա վերագործարկումը, որի շրջանականերում հնարավոր կլինի համատեղել ջանքերը նաև իրազեկման նպատակով:

Քննարկումն ամփոփելով՝ ՍԱՊԾ ներկայացուցիչները ընդգծեցին, որ սննդամթերքի անվտանգության բնագավառում հանրային իրազեկվածության բացերը լրացնելու համար նմանատիպ հետազոտությունները պետք է շարունակական լինեն, որպեսզի հնարավոր լինի զարգացումներին համահունչ տեսնել և հաղթահարել մատահրավերները՝ արդյունքում ունենալով առավել գրագետ և հետևողական սպառող: