DSC_0619

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը խորհրդակցություն է անցկացրել ՍԱՊԾ մարզային կառույցների ղեկավարների հետ՝ նախորդ մեկ ամսվա ընթացքում կատարված աշխատանքները քննարկելու և նոր հանձնարարականներ տալու նպատակով:

Մարզային կենտրոնների ղեկավարները ներկայացրել են, թե ինչ վերահսկողական գործողություններ են իրականացվում այս փուլում, ինչպիսին են արդյունքները, նաև՝  սննդի շղթայի օպերատորների՝ ՍԱՊԾ գրանցամատյանում հաշվառելու աշխատանքների ընթացքը:

Խորհրդակցության ժամանակ քննարկվել են նաև տոնական օրերին կատարված աշխատանքներն ու դրանց արդյունքները: «Ձեր աշխատանքում ակնկալում եմ որակական փոփոխություններ, մասնավորապես՝ համակարգային խնդիրների բացահայտում և հնարավոր լուծումներ, հետադարձ կապ տնտեսավարողների հետ»,- նշել է  ՍԱՊԾ պետը և առաջարկել այս տրամաբանությամբ շարունակել  ներկայումս  հանրապետության ողջ տարածքում իրականացվող վերահսկողությունը հացի և զովացուցիչ ըմպելիքների շուկաներում: Իշխան Կարապետյանը, որպես առաջնահերթ խնդիր, կարևոր է համարել,  որ մարզերում հայտնաբերվեն  ու հաշվառվեն սննդամթերքի հիմնական մատակարարները՝  նրանց գործունեության ու պահեստային տարածքների վրա սահմանելով խիստ հսկողություն և բացառելով հնարավոր ժամկետանց սննդամթերքի մուտքն իրացման ցանց:

Ծառայության պետը խորհրդակցության արդյունքում անասնաբուժության և բուսասանիտարիայի տեսչությունների պետերին հանձնարարել է մարզերում ևս, կենտրոնների մասնագետների հետ համատեղ, մսի շուկայում և ջերմոցային տնտեսություններում այցեր կատարել, գնահատել իրավիճակը և ձեռնարկել դրանք բարելավելու քայլեր: