PrintՍ.թ. հուլիսի 27-ին Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նիստերի դահլիճում տեղի է ունեցել հանդիպում Ծառայության և միս-մսամթերք արտադրող տնտեսավարող սուբյեկտների ներկայացուցիչների միջև: Ծառայությունը ներկայացնում էին Ծառայության պետ Ա.Բախչագուլյանը, Սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Ա.Վարժապետյանը, Սննդամթերքի արտադրության վերահսկողության բաժնի պետ Ա.Արարատյանը, Սննդամթերքի իրացման հսկողության բաժնի պետ Հ.Հակոբյանը և Սննդամթերքի արտադրության վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետ Վ.Դանիելյանը:

Հանդիպմանը մասնակցեցին ներկայացուցիչներ հետևյալ կազմակերպություններից՝ «Բարի Սամարացի» ՍՊԸ, «ԱՐ Դելիկատես» ՍՊԸ, «Բեկոն» ՍՊԸ, «Նատֆուդ» ՓԲԸ, «Գալստյաններ հայր և որդի» ՍՊԸ, «Էրեբունու Աստղ» ՍՊԸ, «Սոս 97» ՍՊԸ, «Ռոյալֆուդ» ՍՊԸ, «Բիլյան» ՍՊԸ:

Հանդիպման սկզբում պարզաբանվեց, որ ՀՀ-ում որպես մսամթերք դիտարկվում են միայն ՀՀ կառավարության 2006թ. հոկտեմբերի 19-ի N 1560-Ն որոշման հասկացություններում նշված արտադրանքները, այսինքն՝ մսամթերքն այն սննդամթերքն է, որի բաղադրագրում մսային բաղադրիչների զանգվածային բաժինը 60 տոկոսից բարձր է, և կարող է պարունակել ոչ մսային բաղադրիչներ:

Անդրադարձ կատարվեց այն հարցին, որ արտադրողը պետք է սահմանի հիմնավորված պիտանելիության ժամկետ՝ ելնելով օգտագործվող մսի, փաթեթավորող նյութերի, արտադրության սանիտարահիգիենիկ պայմաններից և տեղեկացվեց տնտեսավարողներին, որ այսուհետ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը ներկայացնեն իրենց կողմից արտադրվող արտադրատեսակների պիտանելիության ժամկետների սահմանման հիմնավորումներ:

Տնտեսավարողների համար պարզաբանվեց նաև այն հարցը, որ միսը չի կարելի օգտագործել որպես վերամշակման հումք, եթե`

ա) հումքը չունի անասնաբուժական ուղեկցող փաստաթուղթ և ենթարկված չէ անասնաբուժասանիտարական փորձաքննության,

բ) հումքը չունի որակի և անվտանգության վկայական,

գ) աղտոտվածությունը գերազանցում է թույլատրելի նորմերը,

դ) լրացել է պիտանելիության ժամկետը, առկա են փչացման նշաններ:

Քննարկումների ընթացքում նշվեց, որ բուսական ծագում ունեցող հումքը, որն օգտագործվում է մսամթերքի արտադրությունում, պետք է ունենա ուղեկցող փաստաթուղթ՝ գենետիկորեն ձևափոխված մթերքի մասին տեղեկատվությամբ:

Անդրադարձ կատարվեց այն հարցին, որ սննդային հավելումները, կենսաբանական ակտիվ նյութերը, նիտրիտները, գունավորման պիգմենտները, կերակրի աղը, համեմունքները և խառնուրդները պետք է համապատասխանեն Ծառայության կողմից սահմանված անվտանգության չափանիշներին և թույլատրված լինեն սննդում օգտագործման համար, ինչպես նաև այն, որ տնտեսավարողը պետք է խիստ ուշադրություն դարձնի արտադրության օրվա և պիտանելիության ժամկետի մակնշմանը:

Տնտեսավարողների համար պարզաբանվեց այն հարցը, որ արտադրատեսակների նկատմամբ սահմանված լաբորատոր հսկողության պարբերականությունը պետք է համաձայնեցնել Ծառայության համապատասխան ստորաբաժանման հետ, և արտադրողը պետք է սահմանի խիստ վերահսկողություն մսի և մսամթերքի արտադրության կազմակերպություններին ներկայացվող հիգիենիկ պահանջների պահպանման նկարտմամբ:

Մասնակիցները ողջունեցին Ծառայության պետի նախաձեռնությունը՝ կազմակերպելու նման հանդիպում, բարձրացրեցին հարցեր «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ նոր օրենքում արված փոփոխությունների վերաբերյալ: Տրվեցին պարզաբանումներ մսամթերք արտադրող սուբյեկտներին՝ իրենց գործունեությանն առնչվող նորմատիվ – իրավական ակտերի (տեխնիկական կանոնակարգերի) կոնկրետ պահանջների կիրառման վերաբերյալ: Հանդիպման ավարտին Ծառայությունը, ի դեմս պետ Ա.Բախչագուլյանի, պատրաստակամություն հայտնեց օժանդակելու տնտեսավարողներին նաև խորհրդատվական աշխատանքներով և տրամադրելու յուրաքանչյուր պարզաբանում՝ կապված նորմատիվների ճիշտ կիրառման հետ: