Ս.թ. հուլիսի 27-ին Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում Ծառայության և կաթնամթերք արտադրող տնտեսավարող սուբյեկտների ներկայացուցիչների միջև: Ծառայությունը ներկայացնում էին Ծառայության պետ Ա.Բախչագուլյանը, Սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Ա.Վարժապետյանը, Սննդամթերքի արտադրության վերահսկողության բաժնի պետ Ա.Արարատյանը, Սննդամթերքի իրացման հսկողության բաժնի պետ Հ.Հակոբյանը և Սննդամթերքի արտադրության վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետ Վ.Դանիելյանը:
Հանդիպմանը մասնակցեցին ներկայացուցիչներ հետևյալ կազմակերպություններից՝ «Բոնիլատ» ՍՊԸ, «Աշտարակ կաթ» ՓԲԸ, «Թամարա և Անի» ՍՊԸ, «Թամարա» ՍՊԸ, «Սիս-Ալպ» ՍՊԸ, «Դուստր Մարիաննա» ՍՊԸ, «Չանախ» ՍՊԸ, «Արզնու տոհմային ԹՏԽ» ՍՊԸ, «Մուլտի Ագրո» ՍՊԸ, «Էլիտ Շանթ» ՍՊԸ:
Հանդիպման սկզբում նշվեց անհրաժեշտությունը պահպանելու արտադրանքի բնութագրի ճշտությունը և պիտանելիության ժամկետը, մասնավորրապես պաղպաղակինը՝ ելնելով սեզոնային առանձնահատկություններից:
Այս հարցի հետ կապված՝ տնտեսավարողներին տեղեկացվեց, որ այսուհետ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը ներկայացնեն իրենց կողմից արտադրվող արտադրատեսակների պիտանելիության ժամկետների սահմանման հիմնավորումներ:
Քննարկվեցին նաև կաթի մեջ սոդայի և ջրածնի պերօքսիդի առկայության վերաբերյալ հարցեր, և անդրադարձ կատարվեց այն հարցին, որ պետք է առանձնահատուկ մոտեցում ցուցաբերել մանկական և հատուկ նշանակության կաթնամթերքի նկատմամբ:
Տնտեսավարողների համար պարզաբանվեց այն հարցը, որ արտադրատեսակների նկատմամբ սահմանված լաբորատոր հսկողության պարբերականությունը պետք է համաձայնեցնել Ծառայության համապատասխան ստորաբաժանման հետ, և արտադրողը պետք է սահմանի խիստ վերահսկողություն մսի և մսամթերքի արտադրության կազմակերպություններին ներկայացվող հիգիենիկ պահանջների պահպանման նկարտմամբ:
Մասնակիցները ողջունեցին Ծառայության պետի նախաձեռնությունը՝ կազմակերպելու նման հանդիպում, բարձրացրեցին հարցեր «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ նոր օրենքում արված փոփոխությունների վերաբերյալ: Տրվեցին պարզաբանումներ կաթնամթերք արտադրող սուբյեկտներին՝ իրենց գործունեությանն առնչվող նորմատիվ – իրավական ակտերի (տեխնիկական կանոնակարգերի) կոնկրետ պահանջների կիրառման վերաբերյալ: Հանդիպման ավարտին Ծառայությունը, ի դեմս պետ Ա.Բախչագուլյանի, պատրաստակամություն հայտնեց օժանդակելու տնտեսավարողներին նաև խորհրդատվական աշխատանքներով և տրամադրելու յուրաքանչյուր պարզաբանում՝ կապված նորմատիվների ճիշտ կիրառման հետ:
