2013թ. հոկտեմբերի 11-ին ՀՀ Գն սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում կազմակերպվել է հանդիպում Հանրային կոմիտեի, Ծառայության աշխատակազմի որոշ անդամների և միջազգային ու տեղական փորձագետների միջև՝ սննդամթերքի անվտանգության ոլորտում համագործակցության և հասարակայնության հետ կապերի բարելավման թեմայով:
Քննարկմանը մասնակցել են ՀՀ Գն սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը, աշխատակազմի սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Արման Արարատյանը, անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը, ռազմավարության, պլանավորման, մեթոդոլոգիայի և մոնիթորինգի վարչության պետ Արմեն Վարդանյանը, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ռոզա Ավագյանը, օրենսդրության կատարելագործման և վերլուծության բաժնի պետ Մանիկ Երիցյանը, համաշխարհային բանկի «IDF» գրանտային ծրագրի շրջանակներում սննդամթերքի անվտանգության ոլորտում հաղորդակցության բարելավման նպատակով Հայաստան ժամանած միջազգային փորձագետ Դան Պետրեսկուն և տեղական փորձագետ Ժան Բաղյանը, Հանրային կոմիտեի անդամներ, մասնավորապես՝ «Հայաստանի սպառողների միություն» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը, «Հայաստանի սպառողների ազգային ակադեմիա» ՀԿ փոխնախագահ Միլետա Արիստակեսյանը, «Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միասնություն» ՀԿ նախագահ Արթուր Աթոյանը, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Հրաչիկ Ջավադյանը, «Բնապահպան-տնտեսագետների միություն» ՀԿ նախագահ Անուշ Մելքոնյանը և «Յունիֆիշ» ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Մկրտչյանը:
Ծառայության պետի կողմից անդրադարձ կատարվեց 2013թ.իրականացված դիտարկումներին, սպառման ցանցից դուրս բերված մոտ 800 անուն սննդամթերքին, ձկնաբուծության ոլորտի զարգացմանը նպաստող միջոցառումներին, Ծառայության «թեժ գծին» հնչած ահազանգերին և Հանրային կոմիտե-հասարակություն-Ծառայություն համագործակցության բարելավմանը:
Քննարկվեցին Հանրային կոմիտեի և Ծառայության համատեղ գործունեության, Ծառայության կողմից առաջարկվող օրենքների նախագծերում Հանրային կոմիտեի անդամների առաջարկությունների, ինչպես նաև Ծառայություն – հասարակություն և Հանրային կոմիտե – հասարակություն հաղորդակցության խնդիրները:
Առաջարկվեցին հաղորդակցության նոր տարբերակներ թե՛ Ծառայության ներկայացուցիչների, թե՛ հանրային կոմիտեի ներկայացուցիչների և թե՛ փորձագետների կողմից: