ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ), կարևորելով հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների, սննդամթերքի անվտանգության ոլորտի մասնագետների դերակատարությունը և աջակցությունն ոլորտի առջև ծառացած խնդիրների լուծման հարցում, նախաձեռնում է տեսչական մարմնի ղեկավարին կից հասարակական խորհրդի ձևավորման աշխատանքներ:

Խորհուրդը կապահովի հասարակական սեկտորի մասնակցությունը սննդամթերքի անվտանգության ոլորտում որոշումների կայացմանը, կնպաստի հասարակական վերահսկողության մեծացմանը, միաժամանակ կաջակցի ՍԱՏՄ-ի առջև դրված խնդիրների ու գործառույթների առավել արդյունավետ իրականացմանը:

Խորհրդի աշխատանքներին մասնակցության հայտ կարող են ներկայացնել այն հասարակական կազմակերպությունները, զանգվածային լրատվության միջոցները, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները և շահագրգիռ անձինք, որոնց գործունեությունը համընկնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նպատակներին, խնդիրներին և գործունեության ուղղություններին, որոնք ունեն առնվազն 2 տարվա փորձ ՍԱՏՄ իրավասության բնագավառում (զբաղվել են սպառողների իրավունքների պաշտպանությամբ, ունեն թեմատիկ հրապարակումներ, իրականացրել են ոլորտին առնչվող ծրագրեր կամ փորձագիտական և գիտական աշխատանքներ (կամ մասնակցել են դրանց), սննդամթերքի անվտանգությանը վերաբերող հարցերով համագործակցել են միջազգային կառույցների հետ, և նրանց մասնակցությունը կարող է նպաստել հասարակական խորհրդի առավել արդյունավետ գործունեությանը):

Խորհրդի կազմում չեն կարող ընդգրկվել այն անձինք կամ կազմակերպությունները, որոնց տվյալ պահին ֆինանսավորում է (դրամաշնորհ կամ ծառայությունների մատուցում՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն) ՍԱՏՄ-ն:

Հասարակական խորհրդի կազմում ընդգրկվելու համար հայտերը ներկայացնել մինչև ս/թ հոտեմբերի 25-ը ներառյալ՝ ապահովելով վերը նշված պահանջները հիմնավորող տեղեկություններն ու փաստաթղթերը (հայտի ձևը կցվում է):

Հայտերը կարող եք ներկայացնել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին՝ Կոմիտաս 49/2 հասցեով, կամ ուղարկել ssfs@ssfs.am էլեկտրոնային հասցեին: Լրացուցիչ հարցերի դեպքում՝ խնդրում ենք զանգահարել 010 20-60-40 կամ 012 40-40-45 հեռախոսահամարներով: