2014թ. հունվարի 22-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նիստերի դահլիճում կայացավ «Հայաստանում կենդանական ծագման սննդամթերքի և անասնակերի անվտանգության վերահսկողության հզորացում» ԵՄ «Թվինինգ» (TWINNING) ծրագրի փակման համաժողովը:
Հայաստանում «Թվինինգ» ծրագրի նպատակն էր հզորացնել ՀՀ հաստատությունները՝ հասցնելով կենդանական ծագման սննդամթերքի և անասնակերի համար անվտանգության վերահսկողության համակարգերը մինչև ԵՄ-ՍԲՍ և այլ միջազգային ստանդարտներին` հաշվի առնելով օրենսդրությունը, դրա կիրառումը, ինստիտուցիոնալ կառուցվածքը և ընդհանուր իրազեկվածությունը:
Ողջույնի խոսքով հանդես եկան` «Թվինինգ» ծրագրի ղեկավար շահառու կողմից փոխնախարար (ՀՀ գյուղատնտեսության նախարարություն) Ռոբերտ Մակարյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Բին Աջեմիանը, ՀՀ ՍԱՊԾ պետ Աբրամ Բախչագուլյանը, անդամ պետության կողմից ծրագրի ղեկավար Ժերարդ Ռոեսսինկը, «Թվինինգի» մշտական խորհրդատու (ԹՄԽ) Բիրուտա Ամոլինան, ԹՄԽ հայաստանյան գործընկեր Դիանա Միրզոյանը, անդամ պետությունից ներկայացուցիչներ՝ Դանիայի անասնաբուժության և սննդամթերքի ադմինիստրացիայի գործադիր տնօրենի տեղակալ Աննելիս Ֆենգերը, Նիդեռլանդների սննդամթերքի և սպառողական արտադրանքի անվտանգության մարմնի ներկայացուցիչ Հերման Վեհկամպը, Նիդեռլանդների սննդամթերքի և սպառողական արտադրանքի անվտանգության մարմնի ներկայցուցիչ Էդզարտ Բրուիները:
Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը նշեց, որ «Թվինինգ» ծրագրի շրջանակներում կատարվել է հսկայական աշխատանք, մշակվել են ոլորտի կատարելագործմանն ուղղված ծրագրեր: Եվրոպացի գործընկերների փորձի ներդրման շնորհիվ բարձրացել է մեր մասնագետների գիտելիքների մակարդակը: Փոխնախարարի գնահատմամբ՝ դեռևս առկա են որոշ խնդիրներ, որոնց լուծումը պահանջում է համապատասխան քաղաքականության մշակում և իրագործում: Անհրաժեշտ է կամուրջ ստեղծել սպառողի, տնտեսավարողի և լիազոր մարմնի միջև, և այդպես գործունեության արդյունքն ավելի ակնհայտ կլինի:
ՍԱՊԾ պետ Աբրամ Բախչագուլյանի խոսքով՝ «Թվինինգ» ծրագիրը մեկնարկել էր հենց Ծառայության ստեղծմանը համընթաց: Նա ներկայացրեց, թե ինչ տվեց «Թվինինգ» ծրագիրը Ծառայությանը այս 2 տարիների ընթացքում: Միջազգային փորձագետների հետ համատեղ ուժերով մշակվել են 4 օրենքների նախագծեր՝ ՀՀ օրենքը «Սննդամթերքի անվտանգության մասին», ՀՀ օրենքը «Անասնակերի մասին», ՀՀ օրենքը «Անասնաբուժության մասին» և ՀՀ օրենքը «Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասին»: Իրականացվել են համատեղ ստուգումներ ինչպես մեր երկրում, այնպես էլ Նիդեռլանդների, Դանիայի տնտեսավարող սուբյեկտներում: «Թվինինգ» ծրագրի հետ համատեղ ստեղծվել է Ծառայության վեբ կայքը, 6 անիմացիոն տեսահոլովակներ, ստեղծվել են արտադրողի և սպառողի համար նախատեսված ուղեցույցներ: Համատեղ մշակվել է մեղրի մեջ մնացորդների մոնիթորինգային ծրագիրը, և դրա շնորհիվ հնարավորություն է ստեղծվել համապատասխան տնտեսավարող սուբյեկտների համար՝ արտահանել մեղրը Եվրոպական միության երկրներ, ինչպես նաև մշակվում և ավարտի փուլում է ձկան մեջ մնացորդների մոնիթորինգային ծրագիրը:
Աբրամ Բախչագուլյանի գնահատմամբ «Թվինինգ» ծրագիրը աշխատեց ՀՀ-ի սննդամթերքի անվտանգության համակարգում և արդյունքում այսօր ունենք տեղից շարժված համակարգ և հնարավորություն՝ առաջ տանելու այդ համակարգը:
Աբրամ Բախչագուլյանը նշեց, որ ցանկացած ավարտ նոր բանի սկիզբ է: Չնայած «Թվինինգ» ծրագրի փակմանը՝ համագործակցությունը կշարունակվի, և կապը Դանիայի, Նիդեռլանդների և Լատվիայի գործնկերների հետ կշարունակվի:
Ելույթ ունեցողներից յուրաքանչյուրը յուրովի ներկայացրեց ծրագրի տարբեր ասպեկտներ, ներկայացվեց նաև Հայաստան – Եվրամիություն համագործակցության էությունը սննդամթերքի անվտանգության բարձրացման բնագավառում, համատեղ իրականացված արդյունավետ գործունեությունը: