Ս.թ. հունիսի 28-ից 29-ը ՌԴ մայրաքաղաքում՝ Մոսկվայում, ԱՊՀ անդամ երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացավ Համագործակցության միջկառավարական խորհրդի 35-րդ նիստը՝ նվիրված ԱՊՀ անդամ երկրների միջև 1993թ.-ի մարտի 12-ին կնքված՝ անասնաբուժության ոլորտի վերաբերյալ համաձայնագրին:
Նիստին ներկա էին Հայաստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Ուկրաինայի, Բելառուսի և Ռուսաստանի Դաշնության ոլորտային պետական վերահսկողության մարմինների ղեկավարները, ինչպես նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչները: Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում էր Ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը:
Հանդիպման ընթացքում մասնակիցները զեկույցով ներկայացրեցին իրենց երկրում անասնաբուժության ոլորտի պետական վերահսկողության կազմակերպման էությունը և առանձնահատկությունները:
Նիստի ընթացքում քննարկվեցին մասնակիցների առաջարկությունները՝ ուղղված խոզերի աֆրիկական ժանտախտի դեմ համատեղ պայքարի և պրոֆիլակտիկայի գործողությունների ծրագրին, ինչպես նաև դաբաղի դեմ պայքարի և պրոֆիլակտիկայի համատեղ ծրագրի իրագործման արդյունքներին:
Քննարկման ենթարկվեցին նաև միջպետական բեռնափոխադրումների ընթացքում անասնաբուժական վերահսկողության իրականացման միասնական կանոնների մշակման հնարավորությունները և անհրաժեշտությունը, ներկայացվեց միասնական սերտիֆիկատների էությունը: Միասնական կանոնների մշակման պատասխանատվությունը դրվեց Ռուսաստանի Դաշնության կառավարության վրա:
Մասնակիցները կատարեցին փորձի փոխանակում, քննարկվեցին անասնաբուժության ոլորտում գիտական համագործակցության կազմակերպչական խորհրդի աշխատանքների արդյունքները և պայմանավորվածություն ձեռք բերվեց՝ կապված Համագործակցության միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման հետ: