2015-ից ամբողջ աշխարհում անցկացվում է հակամանրէային միջոցների նկատմամբ կայունության՝ հակամանրէային ռեզիստենտականության, դեմ պայքարին նվիրված իրազեկման միջոցառումների շաբաթ: Այս նախաձեռնությունը հիմնված է «Մեկ Առողջության» սկզբունքի վրա ու շատ կարևոր է նախ և առաջ հանրային առողջության տեսանկյունից: Հակամանրէային միջոցների նկատմամբ մանրէների կայունությունը արդի և գլոբալ խնդիր է ոչ միայն բժշկության, այլև անասնաբուժության և սննդամթերքի անվտանգության ոլորտներում: 2015 թվականին ՀՀ կառավարության կողմից հաստատվել է հակամանրէային միջոցների նկատմամբ կայունության հսկողության և կանխարգելման ռազմավարությունը:
Խնդրի կարևորությունը յուրաքանչյուրին և ամենուրեք հասցնելու ակնկալիքով էլ՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) աջակցությամբ, նոյեմբերի 12-ից հանրապետության ողջ տարածքում անցկացնում է սեմինարների ու հանդիպումների շարք անասնաբույժների, ֆերմերների, գյուղացիների, անասնաբուժական դեղատների ներկայացուցիչների հետ: Քարոզարշավի նպատակն է բացատրել, որ ամենապարզ գործողությունները կարող են հանգեցնել ցանկալի արդյունքների՝ բացառելով կամ նվազագույնի հասցնելով հակամանրէային միջոցներների օգտագործումը:
Լոռու մարզ
Տավուշի մարզ
Շիրակի մարզ
Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունությունը գյուղատնտեսության, սննդի անվտանգության խնդիր է, քանի որ անասնաբուծության, անասնաբուժության, թռչնաբուծության, ձկնաբուծության ոլորտներում հակամանրէային դեղերը կիրառվում են ոչ միայն բուժման, այլև կենդանու աճը խթանելու նպատակներով: Արդյունքում դեղակայուն մանրէները, սննդային շղթայի միջոցով, կարող են կենդանիներից անցնել մարդուն:
2018թ. հոկտեմբերին Եվրախորհրդարանն ընդունել է նոր օրենք, որն արգելում է կենդանիների աճը խթանելու համար հակաբիոտիկների օգտագործումը: Ավելին, մարդկանց համար կենսական նշանակություն ունեցող մի շարք հակաբիոտիկներ արգելվում է օգտագործել անասնաբուծությունում:
Գեղարքունիքի մարզ
Կոտայքի մարզ
Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվարկների` եթե չիրականցվեն համապատասխան միջոցառումներ, մինչև 2050 թվականին աշխարհում կգրանցվի մոտ 10 մլն մահվան դեպք` պայմանավորված դեղակայուն վարակներով, իսկ դրանց տնտեսական վնասը կկազմի մոտ 100 տրլն դոլար:
Հիվանդությունների կանխարգելումն, ըստ էության, ավելի հեշտ է ու էժան, քան դրանց բուժումը: Այս մոտեցման վրա է կառուցված թե կենդանիների, թե մարդկանց առողջության պահպանման համակարգն ամբողջ աշխարհում: