2012թ. ապրիլին մեկնարկած «Հայաստանում կենդանական ծագման սննդամթերքի և անասնակերի անվտանգության վերահսկողության հզորացում» ԵՄ «Թվինինգ» ծրագրի շրջանակներում 2013թ. հունիսի 30-ին ք. Երևանի ԵՄ կենտրոնում տեղի ունեցավ կոնֆերանս «Եվրոպական միությունում սննդամթերքի և անասնակերի անվտանգության վերահսկողության համակարգերում ներգրավված մարմինների ինստիտուցիոնալ կարգը» թեմայով:
Կոնֆերանսի բացման խոսքով հանդես եկավ ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար, «Հայաստանում կենդանական ծագման սննդամթերքի և անասնակերի անվտանգության վերահսկողության հզորացում» ԵՄ «Թվինինգ» ծրագրի ՀՀ ԳՆ կողմից ղեկավար պրն. Ռոբերտ Մակարյանը: Նա փաստեց այն հանգամանքը, որ գյուղատնտեսության զարգացման խնդիրը կարևոր է լուծել համակարգված և հիմնավոր, և սննդամթերքի անվտանգության համակարգը երկրի կարևորագույն խնդիրներից է:
Բացման խոսքով հանդես եկան նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության անդամ պրն. Ջոն Բարքերը և «Թվինինգ» ծրագրի ղեկավար, Նիդեռլանդների Թագավորության սննդամթերքի և սպառողական ապրանքի անվտանգության մարմնի ներկայացուցիչ պրն. Ժերարդ Ռոեսսինկը:
Ջոն Բարքերը նշեց, որ սկզբնական շրջանում Եվրոպայում նույնպես առկա էին սննդամթերքի անվտանգության ոլորտի լուրջ խնդիրներ, սակայն այսօր նրանք հասել են այն բանին, որ յուրաքանչյուր վտանգի առաջացման դեպքում կարողանում են բացահայտել և չեզոքացնել դրա աղբյուրը:
Կոնֆերանսը շարունակեց Ժերարդ Ռոեսսինկը, որը ներկայացրեց այն, թե ինչ են սպասում գնորդները արտադրողներից և կառավարությունից Նիդեռլանդներում:
Ներկաներին իր ողջույնի խոսքը հղեց նաև ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ պրն. Աբրամ Բախչագուլյանը: Նա ներկայացրեց «Սննդամթերքի անվտանգությունը Հայաստանում. վերջին զարգացումներն ու քաղաքականությանն առնչվող պլանները» թեմայով զեկույց, ծրագրի մաս կազմող 4 կոմպոնենտների ձեռքբերումները և միջազգային ասպարեզում գործող կառույցների հետ բանակցությունների արդյունքները:
Կոնֆերանսի ժամանակ զեկույցներով հանդես եկան նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարի խորհրդական պրն. Արմեն Հարությունյանը՝ «Սննդամթերքի անվտանգության քաղաքականության մշակումը Հայաստանում. ԵՄ անդամ երկրներ կատարած ուսումնական այցերից քաղած դասեր» թեմայով, Նիդեռլանդների Թագավորության սննդամթերքի և սպառողական ապրանքների անվտանգության մարմնի աշխատակից պրն. Ռոն Դվինգերը՝ «Սննդամթերքի և անասնակերի անվտանգության պետական վերահսկողություն, փոփոխություններ տեսչական ստուգումների բնագավառում» թեմայով, ծրագրի կրտսեր ղեկավար, Դանիայի Թագավորության սննդամթերքի և անասնաբուժական ծառայության աշխատակից պրն. Տորստեն Բերգը՝ «Թվինինգ ծրագիր, տեսչական ստուգումների բարելավումներ և հնարավորություններ Հայաստանի համար» թեմայով:
Կոնֆերանսն ամփոփվեց քննարկումներով, որոնք նվիրված էին ծրագրի շրջանակներում օրինական հիմքերի մշակմանը և իրականացմանը, ինստիտուցիոնալ կառուցվածքի մշակմանն առնչվող խնդիրները, ընդունվեցին ինստիտուցիոնալ զարգացման պլանի վերաբերյալ առաջարկներ, քննարկվեցին նաև այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հնարավորությունների հզորացումը և սպառողների իրազեկության բարձրացումը սննդամթերքի անվտանգության հարցում: