Մարտի 30-ին Երևանում տեղի ունեցավ «Եվրասիական տնտեսական շուկա` առանց արգելքների» կլոր սեղանը: Ողջույնի խոսքով հանդես եկավ Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը: Նա նշեց, որ կլոր սեղանի նպատակն է քննարկել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությամբ պայմանավորված խնդիրները, որոնք առաջացել են անցումային փուլում: Ապա հանդես եկավ ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման ու բարեփոխումների նախարար, ԵԱՏՄ հանձնաժողովի անդամ Վաչե Գաբրիելյանը: Նա ողջունեց ներկաներին և նշեց, որ ելնելով փոքր երկրներին հատուկ շուկայի առանձնահատկություններից` Հայաստանն առևտրային ոլորտում որդեգրել է լիբերալ մոտեցում:
Զեկույցներն ամփոփվեցին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ, նախարար Կարինե Մինասյանի խոսքով, ով նշեց, որ ԵԱՏՄ-ն ձեռնարկում է քայլեր` հայ գործարարների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար:
Զեկույցներին հետևեցին հետաքրքրող հարցերի քննարկումներ, որոնց շարքում սննդամթերքի անվտանգության և սահմանային հսկողության վերաբերյալ բարձրացված հարցին պատասխան տրվեց, որ ՌԴ-ի կամ ԵԱՏՄ անդամ այլ երկրի կողմից կիրառվող սահմանափակումները գործում են միայն կիրառող պետության տարածքում: Դա նշանակում է, որ ԵԱՏՄ անդամ պետության կողմից որևէ երկրի նկատմամբ կիրառվող սահմանափակումը չի կարող տարածվել նաև ԵԱՏՄ անդամ մյուս երկրների վրա, և մյուս երկրները կարող են ներմուծում իրականացվել` առանց վերոնշյալ սահմանափակումների: