Տարածվածությունը: Այս վնասատուն ստացել է կոլորադյան բզեզ անունը, քանի որ առաջին անգամ որպես կարտոֆիլի վնասատու գրանցվել է ԱՄՆ Կոլորադո նահանգում: Ներկայումս տարածված է ԱՄՆ-ում, Կանադայում, Մեքսիկայում, Գվատեմալայում, Աֆրիկայում (Փղոսկրյա ափ), Եվրոպայի երկրների մեծ մասում, Թուրքիայում, Ադրբեջանում, Վրաստանում:
Հայաստանում առաջին անգամ արձանագրվել է 1976 թ. Տավուշի և նախկին Կրասնոսելսկի շրջանների կարտոֆիլի ցանքերում: Այժմ վնասատուն հանդիպում է հանրապետության գյուղատնտեսական բոլոր գոտիներում:
Վնասակարությունը: Կարտոֆիլի և այլ մորմազգի մշակաբույսերի կարանտին վտանգավոր վնասատու է: Սնվում են հասուն բզեզները և թրթուրները: Գրեթե ամբողջությամբ ուտում են տերևները՝ թողնելով միայն ջղերը:
Կոլորադյան բզեզը համարվում է կարտոֆիլի ամենավտանգավոր վնասատուներից մեկը: Մորմազգիներից վնասում է նաև սմբուկին, լոլիկին, տաքդեղին, ծխախոտին, շնախաղողին, թմբրախոտին: Վնասատուի դեմ պայքարի բացակայության դեպքում կարտոֆիլի բերքի կորուստը հասնում է 50-70 %-ի, իսկ առանձին դեպքերում՝ նույնիսկ 100 %-ի:
Մորֆոլոգիան: Ձվաձև, դեղին կամ դեղնա-նարնջագույն բզեզ է, հազվադեպ` դեղնավուն գորշ: Առաջնամեջքի և գլխի վրա կան մուգ բծեր: Մարմինը կարճ-օվալաձև է, ուռուցիկ, փայլուն, երկարությունը 9-12 մմ է, լայնությունը` 6-7 մմ: Վերնաթևերն ավելի բաց գույնի են, 10-14 սև զոլերով, որոնցից միջինն ունի հռոմեական V թվանշանի ձև: Բեղիկները 12-հատվածանի են, դեպի գագաթ աստիճանաբար հաստանում են: Առաջին 6 հատվածները դեղին են, մնացածը` սև: Թաթիկները սև են, զինված են երկար, կառչուն եղունգիկներով:
Զարգացումը: Կարտոֆիլի կոլորադյան բզեզը ձմեռում է հասուն փուլում, հողի մեջ: Բզեզների ամենավաղ արթնացումը դիտվում է ցերեկը օդի 11.5°C և հողում 10 սմ խորության վրա 4-60C ջերմաստիճանի պայմաններում: Բզեզներն ավելի ինտենսիվ հողը լքում են օդի 15°C և 13-140C ջերմաստիճանի պայմաններում: Ցածրադիր, տաք գոտում դա տեղի է ունենում ապրիլի երրորդ տասնօրյակին, նախալեռնային գոտում՝ մայիսի վերջին, իսկ լեռնային գոտում՝ հունիսի երկրորդ տասնօրյակին:
Սկզբում բզեզները մնում են հողի մակերեսին, բայց արդեն 2-3 օր անց անցնում են սնման: Կարտոֆիլի բացակայության դեպքում գրավում են լոլիկի, սմբուկի, պղպեղի բույսերը: Կարող են հավաքվել կարտոֆիլի կույտերի վրա և սնվել ծիլերով կամ պալարներով: Սննդի որոնման ժամանակ թռչում են մեծ տարածություններ: Հաճախ մեծ քանակությամբ հավաքվում են կարտոֆիլի ինքնացանքսի վրա և տնամերձ հողակտորներում: Սնման կարող են անցնել վայրի աճող բույսերի՝ մորմի, բանգիի, մահամորմի, արջընկույզի և այլ մորմազգիների վրա:
Զարգացման առանձնահատկությունները: Կոլորադյան բզեզի զարգացման ցիկլում դիտվում են ֆիզիոլոգիական հանգստի մի քանի ձևեր՝ տարբեր տևողությամբ.
– ձմեռային դիապաուզան տարվա ընթացքում տևում է 2-4 ամիս;
– ձմեռային քունը հաջորդում է ձմեռային դիապաուզային տարվա ցուրտ եղանակի հետ և շարունակվում է մինչև վաղ գարուն;
– ամառային դիապաուզան տևում է մոտ 1 ամիս, ֆիզիոլոգիապես մոտ է ձմեռայինին, դիտվում է պոպուլյացիայի որոշ մասի մոտ ամռանը շոգ եղանակին;
– ամառային քունը դիտվում է պոպուլյացիայի զգալի մասի մոտ ամռան կեսին և տևում է 1-10 օր;
– բազմամյա դիապաուզան թեթև գրանուլոմետրիկ կառուցվածքով հողերում տևում է մինչև 3 տարի և ապահովում է տեսակի պահպանումը երկարատև անբարենպաստ պայմաններում;
– կրկնակի դիապաուզան բնորոշ է օգոստոսի վերջում – սեպտեմբերի սկզբին այն բզեզների համար, որոնք ձմեռել են և բազմանում են ամռանը:
Տարվա ընթացքում զարգացումը բազմակի դադարեցնելու ունակությունը նպաստում է կոլորադյան բզեզների բացառիկ գոյատևմանը ցանկացած անբարենպաստ պայմաններում:
Կանխարգելիչ միջոցառումներից առաջնահերթ նշանակություն ունի բերքահավաքի խնամքով կազմակերպումը և կարտոֆիլի ինքնացանքսի կանխումը, որը կարող է նպաստել գարնանը բզեզների զարգացմանը:
Պայքարի միջոցառումներ: Կոլորադյան բզեզի վնասակարությունը կանխելու նպատակով անհրաժեշտ է օգտագործել հետևյալ բույսերի պաշտպանության միջոցներից մեկը: Առաջին սրսկումն անհրաժեշտ է կատարել վնասատուի փոքր հասակի թրթուրների երևալու ժամանակ: Երկրորդը՝ երբ բույսերի վարակվածությունը գերազանցում է 10%-ը, իսկ մեկ բույսի վրա եղած թրթուրների միջին թիվը՝ 15%-ը: Բանվորական հեղուկի պատրաստման համար անհրաժեշտ քանակի բույսերի պաշտպանության միջոցը խառնվում է ոչ մեծ քանակի ջրի հետ (5-6 լ)՝ մինչև համասեռ զանգվածի ստացումը, որից հետո ստացված խառնուրդը լցվում է սրսկման տարայի մեջ, ավելացվում պահանջվող ջրի մնացած քանակը և միացվում է խառնիչը, որից հետո կատարվում է սրսկումը:
Սրսկումն ահրաժեշտ է կատարել առավոտյան կամ երեկոյան ժամերին, երբ քամու արագությունը չի գերազանցում 3 մ/վ:
Տնամերձ հողամասերում կոլորադյան բզեզի զարգացումը հնարավոր է կանխել նաև պայքարի մեխանիկական եղանակով՝ բզեզների ձվակույտերի և թրթուրների հավաքով ու ոչնչացմամբ: Այդ աշխատանքներն անհրաժեշտ է սկսել գարնանը (ապրիլ-մայիս ամիսներին), ապա շարունակել 3-4 անգամ, 10 օր ընդմիջումներով: Բզեզների հավաքի ժամանակ անհրաժեշտ է ոչնչացնել նաև վնասատուի ձվակույտերը, որոնք նարնջագույն են և գտնվում են տերևի ստորին մասում: Այս աշխատանքները որակով կատարելու դեպքում կարելի է կանխել կոլորադյան բզեզի զարգացումը ու պահպանել կարտոֆիլի բերքը:
Արգելվում է կարտոֆիլի կոլորադյան բզեզով վարակված տնտեսություններից այդ վնասատուից ազատ տնտեսություններ տեղափոխել կարտոֆիլի պալարներ:
Առավել մանրամասն՝ այստեղ