Այսօր տեղի ունեցած կառավարության հերթական նիստում քննարկվել է սննդամթերքի անվտանգության ոլորտի վերահսկողության խնդիրը, և ՀՀ կառավարությունը խստացրել է մանկապարտեզներին և դպրոցներին, այլ ուսումնադաստիարակչական հիմնարկներին մատակարարվող սննդամթերքի անվտանգության նորմերը:
Մի շարք որոշումներում կատարվել են փոփոխություններ, որոնց նպատակը սննդամթերքի անվտանգության ոլորտի սանիտարական կանոնների և նորմերի պահպանման վերահսկողության ուժեղացումն է մեկ լիազոր մարմնի՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության միջոցով:
«Նախագծի նպատակը սննդամթերքի անվտանգության ոլորտի սանիտարական կանոնների և նորմերի պահպանման նկատմամբ իրականացված վերահսկողության ոլորտը մի լիազոր մարմնի վերահսկողության շրջանակներում իրականացնելն է, ինչը կբերի սննդամթերքի անվտանգության ոլորտում թույլ տված իրավախախտումների վերացման և կանխարգելման քաղաքականությանը վերաբերող օրենսդրության արդյունավետ իրականացմանը»,- ասել է ԳՆ նախարար Կարապետյանը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հիշեցրել է Եղվարդի մանկապարտեզում արձանագրված դեպքը և նշել որոշմամբ նախատեսված սննդամթերքի վերահսկողության խստացման կարևորությունը: Վարչապետը հայտնել է, որ ինքն անձամբ հետամուտ է լինելու, որ որոշումը հստակ իրականացվի և դրա հետ կապված համապատասխան հանձնարարական է տվել սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետին:
Աղբյուրը` www.gov.am