291Ս.թ. դեկտեմբերի 29-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության խորհրդակցությունների դահլիճում տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որտեղ Ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը ներկայացրեց Ծառայության տարեկան հաշվետվությունը:

Մինչև տարեկան հաշվետվությունը սկսելը Աբրամ Բախչագուլյանը տեղեկացրեց, որ արդեն կատարարվել է իր՝ 100-օրյա ասուլիսի ժամանակ տված խոստումը, և ավարտվել են ստուգումներն ու ուսումնասիրությունները կաթնամթերքի շուկայում գործող սուբյեկտներում:

Կաթնամթերքի շուկայի ստուգումների վերաբերյալ վերջին քննարկումերը տեղի են ունեցել դեկտեմբերի 27-ին: Նշվեց, որ բարեբախտաբար կոպիտ խախտումներ չեն արձանագրվել, և մենք բոլորս արդեն հանգիստ խղճով կարող ենք օգտագործել մեր տեղական արտադրության կաթնամթերքը: Իսկ թերացումների հետ կապված տրվել են համապատասխան կարգադրագրեր, և կարգադրագրերի պահանջների մի մասն արդեն իսկ կատարվել է:

Նշվեց, որ ամանորի հետ պայմանավորված՝ ստուգվել են նաև Գումի և Կոմիտասի շուկաների հարակից տարածքներում գործող մսի տաղավարները: Այս դեպքում ևս ստուգումների վերաբերյալ քննարկումներն ավարտվել են, և 30-ից մինչև 400.000 դրամի չափով տուգանված տնտեսավարող սուբյեկտների կողմից ոչ մի առարկություն չի եղել:

Ամփոփելով 2011 թվականի ընթացքում իրականացված ստուգումների արդյունքները՝ նշվեց, որ տարվա ընթացքում Ծառայությունը կատարել է ընդհանուր թվով 76 ստուգում, որից 32-ը՝ մսի վաճառքի կետերում, 11-ը՝ կաթի արտադրություններում, 9-ը՝ պանրի: Տարվա ընթացքում ստուգվել են նաև խանութներ, մսամթերքի արտադրություններ, հացամթերքի արտադրություններ, հանրային սննդի կազմակերպություններ:

Տեղեկացվեց, որ ստուգումների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը տեղադրված է Ծառայության պաշտոնական կայքում: ssfs.am կամ ավելի հեշտ հիշվող snund.am կայքն արդեն գործում է, որտեղ այսուհետ հանրությունը կարող է ստանալ իրեն հետաքրքրող տեղեկատվությունը առցանց ռեժիմով: Ընդգծվեց, որ անգամ վիճակագրությունից կարելի է պատկերացում կազմել Ծառայության քաղաքականության վերաբերյալ, որի հիմքը «ուսումնասիրություն-գործողություն»սկզբունքն է. հոկտեմբերի սկզբին ավարտված մշտադիտարկումներից հետո առանձնացվեցին ոլորտներ, որից հետո նոր սկսվեցին հիմնական ստուգումները, և, որ ոչ պակաս կարևոր է, ի հայտ եկած խնդիրների լուծման համար նոր գործիքների մշակումը:

Արդեն իսկ Ազգային ժողովը հավանության է արժանացրել «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու` Ծառայության ներկայացրած նախագիծը: Այս և վերոհիշյալ գործիքները աշխատանքի առավել արդյունավետ կազմակերպման և իրականացման մեծ հնարավորություններ են ընձեռելու Ծառայությանը:

Տեղեկացրեց, որ Ծառայությունն արդեն իսկ նախաձեռնել և հանդիպել է սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում գործառնող ՀԿ-ների ներկայացուցիչների հետ: Քննարկվել են թե´ ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները, թե´ համագործակցության շարունակականության և աշխատանքի արդյունավետ կազմակերպման հիմնահարցերը: Ընդգծվեց, որ Ծառայությանը կից ձևավորվելու է Հանրային խորհուրդ, որում ընդգրկվելու են ՀԿ-ների ներկայացուցիչներ և համապատասխան գիտական կենտրոնների աշխատակիցներ: Ա.Բախչագուլյանը վստահություն հայտնեց, որ Խորհուրդը ևս նշանակալի դեր կունենա ոլորտի կարգավորման գործում:

Անդրադառնալով Անասնաբուժական տեսչության կատարած աշխատանքներին՝ նշվեց, որ արդեն ավարտման փուլում են գտնվում աշնանային պատվաստումները, որոնք անցել են Ծառայության տեսուչների խիստ վերահսկողության տակ: Նշվեց, որ սկսվել է նաև սերոմոնիթորինգը. թվով 8100 կենդանիների արյան նմուշներ արդեն իսկ հանձնվել են լաբորատոր փորձաքննության, որի վերջնական արդյունքները հայտնի կդառնան 2012թ. հունվարի վերջին:

Խոսելով բուսասանիտարիայի ոլորտի մասին՝ Ծառայության պետն ընդգծեց, որ այստեղ ևս մեծ աշխատանք է կատարվել: Հունվարի 1-ից կգործի անձնագրավորման կարգը, և, ինչպես անասնաբուժության բնագավառում է տրվում ուղեկցող փաստաթուղթ մարզից մարզ կամ մարզի ներսում կենդանական հումքը տեղափոխելու համար, այնպես էլ կտրվի բուսական ծագման հումքի համար, և դրանով իսկ միանշանակ բուսական ծագման հումքը կդառնա առավել վերահսկելի:

Վերջում, ամփոփելով իր խոսքը, պարոն Բախչագուլյանը նշեց, որ 2011 թվականը Ծառայության համար ձևավորման և նախնական կայացման տարի էր, քանի որ Ծառայությունը, որպես այդպիսին, ձևավորվել է միայն 2010թ. դեկտեմբերին, իսկ վերջնական կայացումը հնարավոր է առաջիկա տարիներին՝ ճիշտ և հետևողական աշխատանքներ կատարելու դեպքում: