Ս.թ. հոկտեմբերի 16-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որը հրավիրվել էր պարենի համաշխարհային օրվա կապակցությամբ: Ասուլիսի ժամանակ Ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը ներկայացրեց Ծառայության՝ այս տարվա ընթացքում իրականացրած գործունեությունը:
Աբրամ Բախչագուլյանը ներկայացրեց սննդամթերքի անվտանգության կարևոր դերը հասարակության համար՝ նշելով, որ պարենի համաշխարհային օրը կարևոր է բոլորի համար:
Այս տարվա ընթացքում Ծառայությունը կատարել է 150-ից ավելի ստուգումներ, հարյուրավոր անուն սննդամթերք հանվել է իրացման ցանցից, այնուհետև խնդիրը շտկվել է, և ապրանքները կրկին վերադարձել են իրացման ցանց: Կիրառվել են պատժամիջոցներ, 15 միլիոն դրամից ավելի տուգանքներ են եղել: Տեղեկացվեց, որ Ծառայության գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը տեղադրված է Ծառայության պաշտոնական կայքում՝ ssfs.am կամ ավելի հեշտ հիշվող snund.am կայքում, որտեղ հանրությունը կարող է ստանալ իրեն հետաքրքրող տեղեկատվությունը:
Աբրամ Բախչագուլյանը Ծառայության կարևոր հաջողություններից համարեց նաև այն, որ Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ մշակվել է «Պատշաճ արտադրական պրակտիկայի և պատշաճ հիգիենայի պրակտիկայի կիրառման ուղեցույց», այդ ոլորտում արտադրողների ուսումնական գործընթացը կազմակերպելու համար 350-ից ավելի արտադրողների ուղղվել են հարցաթերթիկներ:
Խոսվեց նաև արտահանման և ներմուծման գործընթացում Ծառայության գործողությունների մասին: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից սահմանային պետական հսկողության ժամանակ 2012 թվականին բեռների զննման արդյունքում արձանագրվել է խախտման 14 դեպք. որոշ բեռների՝ տոմատի մածուկի, չիպսերի, տավարի տոտերի որոշ խմբաքանակների ներմուծումը ՀՀ չի թույլատրվել:
Աբրամ Բախչագուլյանը տեղեկացրեց, որ օրենսդրական դաշտի կատարելագործմանն ուղղված փոփոխություններ են կատարվում: Հաստատվել է պեստիցիդների վերաբերյալ իրավական ակտ: Հետագայում նաև կլինի հատուկ մակնշման վերաբերյալ տեխնիկական կանոնակարգ:
Մամուլի ասուլիսի ժամանակ հնչեցին նաև հարցեր: Հարցին, թե «բիո» տերմինն օգտագործվել է՝ առանց համապատասխան սերտիֆիկացման, և ով պետք է այդ առումով վերահսկողություն իրականացնի, ՍԱՊԾ պետ Աբրամ Բախչագուլյանը նշեց, որ այդ հարցի կարգավորման լիազոր մարմինը Գյուղնախարարությունն է:
Իսկ թե սննդի տեսանկյունից ինչպիսի քմահաճույքներ ունեն եվրոպացիները, օրինակ՝ եթե մեղրն արտահանվում է, ինչ չափանիշներով է արտահանվում, որպեսզի եվրոպացիների մոտ այն ընդունվի, Ծառայության պետը պատասխանեց, որ եվրոպացիների քմահաճույքներից ինքը տեղյակ չէ, սակայն իրողությունն այն է, որ Հայաստանի Հանրապետությունն արդենընդգրկվել է Եվրամիության անդամ երկրներ մեղր արտահանելու իրավասություն ունեցող երկրների ցանկում: