ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն այսօր ընդունել է Էմիլիա Սիմոնյանին, որն «Իմ քայլը» հիմնադրամի աջակցությամբ մեկնելու է Քեմբրիջ` ուսանելու անասնաբուժություն: Ողջունելով երիտասարդ ուսանողին՝ Գեորգի Ավետիսյանը վստահեցրել է, որ Էմիլիան կարող է ցանկացած պահի դիմել և ստանալ անհրաժեշտ մասնագիտական աջակցություն: «Երբ լինեք Հայաստանում միշտ պատրաստ ենք ապահովել ուսման պրակտիկ մասը»,- ասել է տեսչական մարմնի ղեկավարը: Էմիլիան սիրով պատմել է իր նպատակների մասին, ոգևորությամբ շեշտել, որ անպայման վերադառնալու է և իր նպաստն է բերելու Հայաստանում անասնաբուժության զարգացմանը: «Ինձ թվում է, անասնաբուժությամբ զբաղվելու մասին մտածել եմ ի ծնե»,- ծիծաղելով ասել է նա: Գեորգի Ավետիսյանը Էմիլիային հորդորել է ամենայն ուշադրությամբ սովորել ու ուսումնասիրել միջազգային փորձը և ապագայում տեղայնացնել այն՝ հնարավորինս նպաստելով ոլորտի առաջընթացին: