Print

Եվրոպական հանձնաժողովի տեխնիկական աջակցության, տեղեկատվության փոխանակման գործիքի շրջանակներում այսօր Երևանում անցկացվեց Եվրամիության և ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից համատեղ կազմակերպած «Թայեքս» աշխատաժողովը՝ նվիրված ձկան կերերի և օրենսդրության խնդիրներին:

Աշխատաժողովի նպատակն էր ՀՀ գյուղատնտեսության նախարարության, սննդամթերքի անվտանգության պետական ծառայության, «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն»-ի, սննդաարդյունաբերության ոլորտի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին ծանոթացնել ԵՄ օրենսդրությանը, բարձրացնել ձկան կերերի անվտանգության վերաբերյալ իրազեկվածության մակարդակը, ներկայացնել լաբորատոր փորձաքննությունների նոր ցուցանիշների մեխանիզմները:

PrintԱշխատաժողովի մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետի տեղակալ Լուսինե Դավթյանը՝ նշելով, որ Ծառայությունը, ՀՀ կառավարության կողմից որդեգրած մոտեցումներին համապատասխան, աջակցում է հայրենական արտադրողին՝ սննդի և կերերի արտադրության ոլորտի միջազգային օրենսդրության և սանիտարահիգիենիկ նորմերի պահանջները ներկայացնելու, ինչպես նաև արտահանումը խթանելու տեսակետից:

Ոլորտի փորձագետներն Իսպանիայից, Իտալիայից, Լատվիայից, ինչպես նաև ԵՄ ռեֆերենս լաբորատորիայից ներկայացրեցին Եվրամիությունում ձկան կերերի արտադրության իրավական պահանջները, պետական վերահսկողության մեխանիզմները, ձկան և ձկնամթերքի վերահսկողության նոր մեթոդներն ու ստանդարտները: Խոսվեց ձկնաբուծության արդյունաբերական պրակտիկայի, կառավարման համակարգի և դրա արդյունավետության երաշխիքների մասին:  Բանախոսներն անդրադարձան նաև ձկան հիվանդությունների պետական վերահսկողության խնդիրներին ու դրանց կանխարգելմանը, ձկան կերերի և ջրի լաբորատոր փորձաքննությունների նոր մեթոդներին ու ստանդարտներին:

Ներկայացվեցին Հայաստանից Եվրամիության երկրներ ձուկ և ձկնամթերք արտահանելու պահանջները, նորմերն ու ընթացակարգերը: