newspp«1in.am-ը» փետրվարի 23-ին ներկայացրել էր «Մեղվաբույծների ազգային միավորում» ՀԿ նախագահ Թելման Նազարյանի մեկնաբանությունն այն մասին, որ Հայաստանում արտադրվող մեղրը չի ընդունվում Եվրոպայում, քանի որ այստեղ մեղուների բուժման համար օգտագործվում է Եվրոպայում արգելված «Բիպին» դեղամիջոցը:

Այս առիթով ներկայացնում ենք որոշ պարզաբանումներ:

ՀՀ կառավարության 2010 թվականի ապրիլի 22-ի «Մեղրի մեջ հակաբիոտիկների, պեստիցիդների և աղտոտող այլ նյութերի թույլատրելի մնացորդային քանակությունները սահմանելու» և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 14-ի «Կենդանական և բուսական ծագում ունեցող սննդամթերքում պեստիցիդների և նիտրատների առավելագույն մնացորդային քանակը հաստատելու մասին» N 1904-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 444-Ն որոշմամբ՝ «Բիպինի» ազդող նյութ հանդիսացող ամիտրազի համար սահմանված է մնացորդային առավելագույն սահմանաչափ՝ 0.2 մգ/կգ քանակությամբ: Այսինքն, դրա օգտագործումը թույլատրելի է, սակայն այնպիսի հաճախականությամբ և չափաքանակներով, որպեսզի մեղրում դրա մնացորդային քանակությունը չգերազանցի նշված չափը: ՀՀ կառավարության 2010 թվականի ապրիլի 22-ի N 444-Ն որոշման մշակման և ընդունման հիմք է հանդիսացել ԵՄ համապատասխան իրավական ակտը՝ EU 37/2010 կանոնակարգը, որտեղ ևս մեղրում ամիտրազի համար ամրագրված է մնացորդային առավելագույն քանակություն՝ 0,2 մգ/կգ սահմանաչափով:

«Բիպինի» կամ նրա ազդող նյութ հանդիսացող ամիտրազի օգտագործումը ՀՀ-ում արգելված չէ: «Բիպինը» Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղամիջոց է. այն ներառված է ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «ՀՀ-ում գրանցված անասնաբուժական դեղամիջոցների ցանկը հաստատելու մասին» N268-Ն հրամանում:

Նշենք, որ մեղվաընտանիքներում տզերի դեմ պայքարելու համար պետական միջոցների հաշվին իրականացվող միջոցառումների շրջանակներում ձեռք է բերվում և հատկացվում է Ռուսաստանի Դաշնության «Ագրոբիոպրոմ» ՓԲԸ-ի արտադրության «Բիպին» պատրաստուկը:

2012 թվականին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ԵՄ օրենսդրության պահանջներին համապատասխան մշակել է մեղրի մեջ մնացորդային նյութերի մոնիթորինգի պլանը և ներկայացրել այն ԵՄ սննդի գրասենյակ, ինչը թույլ է տվել իրականացնել ՀՀ-ում տեղական արտադրության մեղրի մեջ մնացորդային նյութերի մոնիթորինգ և արդյունքները ևս ներկայացնել ԵՄ սննդի գրասենյակ. սա հիմք է հանդիսացել Եվրոպական միություն հայկական մեղրի արտահանման թույլտվություն ստանալու համար: Հայաստանից մեղրի արտահանման որևէ սահմանափակում չկա, իսկ տեղական մեղր ԵՄ չարտահանելու հիմնական պատճառն արտաքին շուկայում տեղական մեղրի բարձր ինքնարժեքով պայմանավորված ցածր մրցունակությունն է:

Աշխատանքներ են տարվում տեղական արտադրողների կողմից օրգանական մեղրի արտադրության սերտիֆիկացման ուղղությամբ, ինչը թույլ կտա արտահանել ԵՄ-ում բարձր արժեքով պահանջված օրգանական մեղր: