Ս.թ. փետրվարի 13-ին ք.Երևանի «Բեստ Վեստերն Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցավ ՄԱԿ-ի «Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության» (ՊԳԿ, FAO) կողմից կազմակերպված դոնոր համաժողով՝ «Բուսասանիտարական կարողությունների հզորացում» թեմայով:
Համաժողովի հիմնական նպատակն էր՝ իրականցնել հանրային իրազեկում, ինչպես նաև դոնորներ գտնել՝ զարգացնելու համար հանրային, մասնավոր և կարգավորող կառույցների միջև դերերի ճանաչումը և համագործակցությունը՝ կայուն և գործունակ բույսերի կարանտինի ու բույսերի պաշտպանության ապահովման նպատակով:
Միջոցառմանը ներկա էին՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարի խորհրդական Ա.Հարությունյանը, նախարարության աշխատակազմի բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության պետ Գ.Հարությունյանը, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Ա.Բախչագուլյանը, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի բուսասանիտարիայի տեսչության պետ Ա.Նիկոյանը, բուսասանիտարիայի գծով միջազգային խորհրդատու Նատալյա Շերոկոլավան, Բույսերի պաշտպանության ազգային կազմակերպության (ԲՊԱԿ) գյուղատնտեսության մասնագետ Օրլանդո Սոսան և այլ շահագրգիռ կողմեր:
ՄԱԿ-ի «Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը» ներկայացնում էին ՊԳԿ հայաստանյան ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանը, բուսասանիտարիայի կարողությունների գնահատման համակարգող, Բույսերի պաշտպանության ազգային կազմակերպության գյուղատնտեսության մասնագետ Օրլանդո Սոսան:
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը: Նա հույս հայտնեց, որ համաժողովը հաջորդ մի քանի տարիների ընթացքում կխթանի շահագրգիռ կողմերի բուսասանիտարիայի զարգացման և բույսերի առողջության ապահովության վերաբերյալ կոնսենսուսը:
Միջազգային խորհրդատուները ներկայացրեցին 2012թ.-ին իրականացված բուսասանիտարիայի կարողությունների գնահատման արդյունքները՝ որպես հիմնական արդյունք նշելով ՊԳԿ աջակցությամբ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից մշակված բուսասանիտարիայի ազգային կարողությունների զարգացման ռազմավարության սկզբնական նախագիծը և Բույսերի միջազգային պաշտպանության մասին կոնվենցիան:
Ծավալվեցին քննարկումներ բուսասանիտարիայի միջազգային շրջանակի, ազգային պարտավորությունների և դրանց իրականացման մարտահրավերների, ազգային բուսասանիտարիայի ընդհանուր կառուցվածքային շրջանակների, բուսասանիտարիայի կարողությունների գնահատման և դրանց զարգացման ռազմավարության թեմաների շուրջ:
Համաժողովի վերջում ներկայացվեցին ակնկալվող հետագա քայլերը: