2012 թվականին ՀՀ մարզերում «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի շրջանակներում պետական պատվերով կատարվում են գյուղատնտեսական կենդանիների և թռչունների ախտորոշիչ հետազոտություններ, պատվաստումներ և մշակումներ, մասնավորապես՝ խոշոր եղջերավոր կենդանիների դաբաղ հիվանդության նկատմամբ պատվաստումներ:
Դաբաղը (Aphtae epizooticae) ընտանի և վայրի երկկճղակավոր կենդանիների խիստ վարակիչ, սուր ընթացքով վիրուսային հիվանդություն է, որը բնորոշ է տենդով և բերանի խոռոչի լորձաթաղանթների, մաշկի և վերջավորությունների խոցային (աֆտա) ախտահարումներով:
Տարածվածությունը
Դաբաղի և դրա վարակելիության մասին առաջին հաղորդումները կատարվել են Իտալիայում՝ 1546թ.-ին: Հիվանդության հարուցիչի վիրուսային բնույթը սահմանել են Լյոֆլերը և Ֆրոշը (1898), իսկ տիպերի և ենթատիպերի բազմազանությունը բացահայտել են Վալլեն և Կարեն (1922): Դաբաղի դեպքեր արձանագրվել են աշխարհի շատ պետություններում, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունում:
Հարուցիչը
Ռինովիրուսների սեռի Picornovirdae ընտանիքին պատկանող ՌՆԹ պարունակող 20-25 մմ մեծությամբ վիրուս է, որն օժտված է բարդ սպիտակուցային (հակածնային) կազմով: Ըստ հակածնային հատկության՝ հայտաբերել են 7 շիճուկաբանական տիպեր, որոնցից յուրաքանչյուրն ունի տարբերակներ: Ընդ որում, վիրուսի տարբերակների քանակությունը բնության մեջ կայուն չէ, և էվոլյուցիայի ընթացքում այն կարող է ավելանալ:
Վիրուսը լավ վերարտադրվում է զգայունակ կենդանիների էպիթելային հյուսվածքների բջջային աճեցվածքներում և առաջացնում բջջաախտաբանական ազդեցություն:
Կենդանիների օրգանիզմում վիրուսի նկատմամբ առաջանում են վիրուս չեզոքացնող հակամարմիններ:
Կայունությունը
Վիրուսը կայուն է եթերի ու քլորոֆորմի նկատմամբ, ակտիվազրկվում է ֆենոլի 1%-ոց լուծույթով, 75%-ոց էթիլ սպիրտով, դիմացկուն է լիզոլի և տոլոտլի այն խտությունների ազդեցության նկատմամբ, որը սպանիչ է համարվում մի շարք վիրուսների ու մանրէների նկատմամբ:
Զգայուն է միջավայրի pH-ի փոփոխմանը. pH-ը 6-ից ցածրի և 10-ից բարձրի դեպքում կորցնում է վարակելու ընդունակությունը: Վիրուսի կայունությունը զգալիորեն բարձրանում է օրգանիզմում առաջացած աֆտաների մեջ: Լեռնային արոտավայրերում կարող է պահպանվել մինչև 70, գոմաղբում՝ 168 օր: Դաբաղի վիրուսը կաթի մեջ 65օC ջերմաստիճանի պայմաններում ակտիվազրկվում է 30 րոպեում, 70օC-ում՝ 15 րոպեում, իսկ 80-100օC-ում՝ մի քանի վայրկյանում:
Սպանդի ենթարկված կենդանիների մսեղիքում կաթնաթթվի ազեդցության տակ վիրուսն ակտիվազրկվում է:
Աղ դրված և ապխտած մթերքներում դաբաղի վիրուսը պահպանվում է 50 օր: Քիմիական նյութերի նկատմամբ վիրուսն օժտված է բարձր կայունությամբ: Լավ ախտահանիչներ են համարվում ֆորմալդեհիդի 2%-ոց և կծու նատրիումի 1-2%-ոց լուծույթները, որոնք վիրուսի վրա սպանիչ ազդեցություն են թողնում 10-30 րոպեի ընթացքում:
Համաճարակաբանական տվյալները
Դաբաղով հիվանդանում են բոլոր երկկճղակավոր կենդանիները: Առավել զգայունակ են խոշոր եղջերավոր կենդանիները և խոզերը, այնուհետև՝ ոչխարները, այծերը, վայրի կճղակավոր կենդանիները: Ավելի քիչ զգայունակ են գոմեշները, ուղտերը: Կան տվյալներ շների և կատուների վարակելիության մասին: Լաբորատոր կենդանիներից հիվանդանում են ծովախոզուկները, ճագարները և մկները:
Դաբաղ հիվանդության նկատմամբ ընկալունակ են նաև մարդիկ, հատկապես՝ երեխաները:
Հիվանդության հարուցիչի աղբյուրը հիվանդ և վիրուսակիր կենդանիներն են: Վերջիններիս օրգանիզմում վիրուսը պահպանվում է ավելի քան 400 օր: Վիրուսն արտաքին միջավայր է արտազատվում կաթի, թքի, մեզի և կղկղանքի միջոցով, որի հետևանքով վարակվում են արտաքին միջավայրի այն բոլոր առարկաները, որոնց հետ շփվել է հիվանդ կենդանին:
Կենդանիների վարակումն առավելապես կատարվում է բերանի խոռոչի լորձաթաղանթով, երբ ընդունում է վարակված կեր և ջուր: Վիրուսը կարող է նաև օրգանիզմ թափանցել վնասված կրծքի մաշկի, պսակի, միջկճղակային ճեղքի միջոցով և օդով: Վարակման հնարավորությունը բացահայտված է նաև սեռական օրգանների, քթի խոռոչի և աչքերի միջոցով:
Վիրուսի փոխանցում կարող է կատարվել նաև մարդկանց և այլ՝ մեխանիկական միջոցներով:
Ախտածնությունը
Անցնելով կենդանու օրգանիզմ՝ վիրուսը թափանցում է էպիթելային բջիջների մեջ: Վարակումից 18 ժամ հետո ներթափանցման տեղում առաջանում են առաջնային աֆտաներ, սակայն կենդանիների ընդհանուր վիճակը գրեթե չի փոխվում: Այնուհետև վիրուսն ավշային ուղիներով ընկնում է արյան մեջ, որի հետևանքով կենդանու մոտ առաջանում է տենդային ռեակցիա: Օրգանիզմում առաջացած պաշտպանիչ միջոցները մեծահասակ կենդանիների մոտ չեզոքացնում են վիրուսն արյան մեջ, բայց այն կարող է բազմանալ վերնամաշկում, որտեղ արյան և հակամարմինների մատակարարումը թույլ է կատարվում (բերանի խոռոչ, միջկճղակային ճեղք, պսակի հատված, կրծի պտուկների մաշկ): Հենց այս հատվածներում էլ առաջանում են երկրորդային աֆտաներ:
Սակայն մատղաշ կենդանիների օրգանիզմում, որն օժտված է թույլ դիմադրողականությամբ, հակամարմինները չեն կարողանում վնասազերծել հարուցիչը, որի հետևանքով վիրուսը բազմանում է բոլոր հյուսվածքներում, և խոցեր չեն առաջանում: Առավելապես ախտահարվում են աղիները և սիրտը, որը բերում է մահվան:
Ընթացքը և նշանները
Հիվանդության կլինիկական նշանների դրսևորումը կախված է վիրուսի նկատմամբ կենդանու անհատական զգայունակությունից, ֆիզիոլոգիական վիճակից և հարուցիչի վարակայնության աստիճանից: Դաբաղի կլինիկական նշաններն առավել բնորոշ են արտահայտված հասակավոր խոշոր եղջերավոր կենդանիների, քան մատղաշների մոտ: Արձանագրված են դաբաղի վիժվածքային, բարորակ և չարորակ ձևերը: Գաղտնի շրջանը տևում է 36 ժամից մինչև 7 օր, հազվագյուտ դեպքում՝ 21 օր:
Հիվանդության առաջին կլինիկական նշանը մարմնի ջերմության բարձրացումն է մինչև 41օC և բարձր, նկատվում է թուլություն, պուլսի արագացում, բերանի խոռոչի և շաղկապենու կարմրություն, որոճի խանգարում և կաթնատվության նվազում, թքահայելու չորություն, կճղակների պսակի այտուցվածություն: Սկսվում է առատ թքահոսություն, ատամների կրճտացում, շատ զգուշությամբ է ծամում կերը, ցավազգաց է կուլ տալու պրոցեսը, սկսվում է ծարավի զգացումը, նկատվում է կաղություն, կենդանիներն աշխատում են չհենվել ախտահարված վերջավորության վրա: Հիվանդության 3-4 օրը ջերմաստիճանն իջնում է, բերանի խոռոչում նկատվում են ախտահարումներ: Աֆտաները լինում են կլորավուն կամ երկարավուն ձևի, ավշի կուտակման հետևանքով պատերը լարված են, մատով սեղմելիս հեշտությամբ պատռվում են: Աֆտայի ավիշը սկզբում անգույն է լինում, սակայն հետագայում ձեռք է բերում մոխրասպիտակավուն գունավորում: Սովորաբար աֆտաները քայքայվում են 1-3 օրվա ընթացքում, որը մեխանիկական ազդեցությունների հետևանք է: Դրանց տեղում առաջանում են տարբեր մեծության քերծվածքներ, որոնք հատկապես նկատվում են լեզվի ամբողջ լորձաթաղանթի վրա: Այդ պատճառով բերանից հոսում է էպիթելային հյուսվածքի կտորներով և արյան երակներով խառնված ծորացող թուք: Եթե ախտահարվում են քթաըմպանային և շնչափողի լորձաթաղանթները, ապա դժվարանում է կուլտալու պրոցեսը և շնչառությունը: Սրտի աշխատանքի խանգարումները դրսևորվում են տախիկարդիայով և առիթմիայով: Կովերի կաթնատվությունը կարող է ընկնել մինչև 75%-ով, կարող են լինել վիժումներ:
Դաբաղի չարորակ ձևի դեպքում անկումները հասնում են 70-100 տոկոսի:
Ախտաբանաանատոմիական փոփոխություններ
Աֆտաներ և քերծվածքներ են նկատվում բերանի խոռոչում, երբեմն էլ կերակրափողի և որոճողների նախաստամոքսի լորձաթաղանթների վրա, նկատվում են հորթերի, գառների և խոճկորների աղիների արյունահոսային բորբոքումներ, սրտամկանի փոփոխություն (վագրանման սիրտ): Չարորակ դաբաղի դեպքում սրտամկանը թույլ է, գունատ, կտրվածքում գորշ-կարմրագույն երանգավորումներ և տարբեր մեծության լոռանման կազմափոխված օջախներ են լինում: Կազմափոխություն է նկատվում նաև կմախքային մկաններում, երիկամներում և լյարդում:
Ախտորոշումը
Իրականացվում է ըստ համաճարակաբանական վերլուծության տվյալների, կլինիկական նշանների և լաբորատոր փորձաքննության արդյունքների:
Գոյություն ունեն դաբաղի նմանվող ուրիշ հիվանդություններ, որոնցից տարբերելու համար պետք է կատարել նաև վիրուսաբանական և շիճուկաբանական հետազոտություններ:
Բուժումը
Եթե անապահով խմբում հիվանդությունը մասսայական բնույթ չի կրում, ապա կլինիկական նշաններ ունեցողներին մեկուսացնում են, իսկ հակառակ դեպքում բուժումը կատարվում է առանց մեկուսացման: Առանձնահատուկ միջոցներից օգտագործում են հիվանդացած և առողջացած կենդանիների արյան շիճուկ, իմունոլակտոն: Բացի այդ, կատարվում է բուժում ըստ կլինիկական նշանների. բերանի խոռոչը լվացվում է տտպող և հականեխային պատրաստուկներով, իսկ վերջավորությունների և կրծի ախտահարված հատվածները մշակվում են վիրաբուժական եղանակով և այնուհետև օգտագործվում բուժիչ քսուքներ և ցավազրկող միջոցներ:
Հիվանդ կենդանիներին պետք է ապահովել փափուկ, հեշտամարս կերով և սրտային պրեպսաատներով, կատարել գլյուկոզայի, կալցիումի քլորի և նատրիումի քլորի ներերակային ներարկումներ:
Դաբաղով հիվանդացած կենդանին ձեռք է բերում իմունիտետ վիրուսի համապատասխան տեսակի նկատմամբ՝ մինչև 4 տարի տևողությամբ:
Կանխարգելումը և պայքարի միջոցառումները
Դաբաղի նկատմամբ անապահով և սպառնալիքի ենթակա տնտեսություններում, բացի անասնաբուժասանիտարական և պաշտպանիչ կարանտին միջոցառումներից, անհրաժեշտ պայման է համարվում առանձնահատուկ միջոցների օգտագործումը, որն իրականացվում է կենդանիների ակտիվ և պասիվ իմունացման միջոցով:
Հիվանդության կանխարգելման նպատակով ակտիվ իմունացման համար օգտագործում են միա- և բազմավալենտ ակտիվազրկված պատվաստանյութեր, որոնք պատրաստվում են հյուսվածքային աճեցվածքի, խոշոր եղջերավոր կենդանիների լեզվի էպիթելի վրա կամ 2-3 օրական ճագարի ճտերի օրգանիզմում:
Իմունիտետը ձևավորվում է պատվաստումից 2-3 շաբաթ հետո և տևում է 6 ամիս՝ միանվագ, և 6 ամսից երկար՝ երկնվագ պատվաստման դեպքում:
Ապահով տնտեսություններում հիվանդության բռնկվելու դեպքում սահմանվում է կարանտին: Հիվանդ կենդանիներին մեկուսացնում են և բուժում, իսկ վարակման մեջ կասկածվողներին պատվաստում են վարակի տվյալ տիպի կամ ենթատիպի նկատմամբ:
Հիվանդության հետագա տարածումը կանխելու նպատակով հիվանդ և հիվանդության մեջ կասկածվող կենդանիների ողջ գլխաքանակը ենթարկում են սպանդի:
Անասնաշենքի ախտահանությունը կատարում են կծու նատրիումի 2%-ոց տաք լուծույթով, 1%-ոց ֆորմալդեհիդի, 2%-ոց ակտիվ քլոր պարունակող քլորակրի լուծույթով, մեկքլորային յոդի 5%-ոց լուծույթով և այլն: Անապահով կետից կարանտինը վերացնում են հիվանդության վերջին դեպքից 21 օր հետո: Կենդանիների արտահանումն անապահով տարածքներից իրականացվում է կարանտինը վերացնելուց 12 ամիս հետո:
Հումքի օգտագործումը
Թույլատրվում է օգտագործել դաբաղով հիվանդ կենդանու մսեղիքը, մսամթերքը և կաթը միայն ջերմային մշակման ենթարկելուց հետո:
Դաբաղով հիվանդ կենդանիներին սպանդի ենթարկման նպատակով արգելվում է տեղափոխել մսի կոմբինատ: Արգելվում էնաև տնտեսության սահմաններից սպանդի ենթարկած կենդանու մսեղիքի և մսամթերքի դուրսբերումը չվարակազերծված վիճակում: Դաբաղից ընկած կենդանիների դիակը ոչնչացնում են, կաթը՝ վնասազերծում ջերմային մշակմամբ, գոմաղբը՝ ենթարկում կենսաջերմային վարակազերծման: