Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, Հայաստանում մեկնարկեց ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ,FAO) նախաձեռնած՝ «ՀՀ ԳՆ ՍԱՊԾ բուսասանիտարիայի մասնագետ-տեսուչների կարողությունների հզորացում՝ ուղղված վնասակար օրգանիզմների նեղ մասնագիտական ուսումնասիրություններին» թեմայով ազգային համաժողովը: Այն իրականացվում է «Բուսասանիտարական հսկողություն իրականացնող ազգային ծառայությունների կարողությունների հզորացում Արևելյան Եվրոպայի 4 երկրներում» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում և նպատակ ունի Հայաստանի բուսասանիտարական նորմերն ու ոլորտում կատարվող աշխատանքները համապատասխանեցնել միջազգային նորմերին՝ զարգացնելով սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակիցների կարողությունները: Երկօրյա աշխատաժողովի ընթացքում կներկայացվեն նաև ՀՀ-ում մինչև 2016թ. անցկացված բուսասանիտարական մոնիթորինգի արդյունքները և կքննարկվեն 2017 թ-ին նախատեսվող աշխատանքները:
Արդյունավետ աշխատանքի մաղթանքով՝ համաժողովի մասնակիցներին ողջունեց գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանը խոսեց բուսասանիտարիայի բնագավառում կատարված աշխատանքների, առկա խնդիրների և առաջարկվող լուծումների տեսլականի մասին: Նա հույս հայտնեց, որ բուսասանիտարիայի բնագավառում առկա որոշ խնդիրներ այս ծրագրի շրջանակներում շատ արագ կլուծվեն:
Համաժողովին մասնակցում էր նաև ՊԳԿ-ի պտղաբուծության և բույսերի պաշտպանության միջազգային փորձագետ Արթուր Շամիլովը: Նա խոսեց ՊԳԿ-ի 2014-2017թթ. ռազմավարական նպատակների մասին՝ ներկայացնելով «ՊԳԿ-ի տարածաշրջանային բյուրոյի գործունեությունը ՀՀ-ում՝ բուսաբուծության և բույսերի պաշտպանության ոլորտում» զեկույցը:
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի այգեպտղաբուծության և բույսերի պաշտպանության ամբիոնի վարիչ Արմենակ Տեր-Գրիգորյանը ներկայացրեց ՀՀ-ում կարանտին և կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմների տարածվածությունը, վնասակար օրգանիզմների ներթափանցման կանխումը, ինչպես նաև հանրապետության տարածքում դրանց ժամանակին հայտնաբերումը, օջախների տեղայնացման և պայքարի միջոցառումների կազմակերպումը:
«Վնասական օրգանիզմների ռիսկի անալիզի/վերլուծության» ծրագիրը ներկայացրեց ՀՀ ԳՆ ՍԱՊԾ սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոնի փոխտնօրեն Հրանտ Թերլեմեզյանը՝ նշելով, որ այս պահին անհրաժեշտ է փոփոխել մեր երկրում հաստատված կարանտին օրգանիզմների ցանկը, քանի որ որոշ վնասատուներ տարածված են ՀՀ տարածքով մեկ և արդեն կարանտին համարվել չեն կարող:
Աշխատաժողովը կշարունակվի նաև հոկտեմբերի 26-ին: