ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության «թեժ գծին» հնչած ահազանգերի հիման վրա «Աշտարակ Կաթ» փակ բաժնետիրական ընկերության արտադրության կաթնամթերքի մակնշման, պիտանիության ժամկետի, անվտանգության ու որակի պահանջներին համապատասխանությունը գնահատելու նպատակով ս.թ. մայիսի 31-ից մինչև հունիսի 1-ը «Աշտարակ Կաթ» ընկերությունում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի ժ/պ Հ.Հայրապետյանի հրամանով (2013 թվականի մայիսի 30-ի N 312-Ա) իրականացվել են դիտարկում և ուսումնասիրություն ինչպես իրացման ցանցում, այնպես էլ արտադրության ոլորտում:
Դիտարկումների և ուսումնասիրությունների արդյունքում ՀՀ օրենսդրության պահանջներին անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել, ինչպես նաև Ծառայությունը ստացել է «Աշտարակ Կաթ» ընկերության պաշտոնական գրավոր հայտարարությունն այն մասին, որ ընկերությունը երբեք իրացման ցանց բաց չի թողել ապագա արտադրության ժամկետով սննդամթերք:
Սակայն «Աշտարակ Կաթ» ընկերության ռիսկայնությունը վերանայվել է, և այն կլինի Ծառայության ամենօրյա գործունեության ուշադրության կենտրոնում: Բացի այդ, ընկերությունն այս տարի պարտադիր ստուգման է ենթարկվելու, և ստուգման ընթացքում նույնպես հաշվի կառնվեն քաղաքացիների ահազանգերը:
Ծառայությունը կոչ է անում ՀՀ քաղաքացիներին և հասարակական կազմակերպություններին խախտումներ նկատելու դեպքում առանց վարանելու, անմիջապես տեղյակ պահել Ծառայությանը, որպեսզի ուսումնասիրությունները և դիտարկումներն իրականացվեն հնարավորինս արագ՝ «տաք հետքերով»: Հիշեցնում ենք կապի միջոցները՝
- «Թեժ գիծ»՝ 010 206040, ամեն աշխատանքային օր՝ ժամը 9:00-18:00,
- Էլեկտրոնային փոստի հասցե՝ ssfs@ssfs.am, շուրջօրյա: