Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանում է գտնվում երկրի ամենամեծ անասնաշուկան, որտեղ կենդանիներ են բերվում և վաճառվում հանրապետության բոլոր մարզերից և Արցախից: Երկրում կենդանիների համարակալման բացակայության պատճառով՝ այդ գործընթացը գրեթե անվերահսկելի է: Անասնաշուկան պահանջում է համալիր մոտեցում՝ տեղական ինքնակառավարման մարմնինների և իրավասու մյուս կառույցների համագործակցությամբ:

Ծանոթություն

Ըստ «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի՝ կենդանիների շուկաները պետք է լինեն ցանկապատված, այցելուների և տրանսպորտային միջոցների համար նախատեսված առանձին մուտքերով, փոխադրամիջոցների անիվների ախտահանման համապատասխան հարմարություններով, կենդանիների բեռնման և բեռնաթափման հարթակով, իսկ 25 հազար և ավելի բնակչություն ունեցող բնակավայրերում տեղակայված շուկաները պետք է ունենան նաև տարբեր տեսակի և սեռահասակային խմբերի կենդանիների համար նախատեսված կացատեղեր` ճաղազատված տարածքներով, ցանցավոր հատակներով և ցուցատախտակով, որի վրա նշվում են կենդանու տեսակը, հասակը, սեռը, թույրը (գույնը) և գույքային համարը, ապահովված լինեն լվացող, ցողարկող և ախտահանող սարքերով, կերերի և ջրի մատակարարման հարմարություններով, կոյուղատար առվակներով կամ խողովակաշարերով և գոմաղբապահեստարաններով:

Կենդանիների շուկաները պետք է ունենան անասնաբուժական կետեր:

Իրավիճակին ծանոթանալու և խնդրի լուծմանն ուղղված գործնական քայլեր ձեռնարկելու նպատակով՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը և Գեղարքունիքի մարզից ընտրված պատգամավոր Հայկ Սարգսյանն այցելել են անասնաշուկա: Տարածքի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ որոշակի քայլեր այս պահին էլ կարելի է ձեռնարկել՝ ուղեկցող փաստաթղթերը ստուգումը հեշտացնելու, կենդանիների տեղաշարժն ու հիվանդությունները վերահսկելի դարձնելու համար:

Գեորգի Ավետիսյանը նշել է, որ կուտակված խնդիրներին պետք է փուլային լուծում տալ: «Նախ կփորձենք անասնաշուկայի տարածքը ցանկապատել, ապահովել վայել պայմաններ: Դա նաև հնարավորություն կտա ավելի համակարգված ստուգել կենդանուն ուղեկցող փաստաթղթերը: Հաջորդ քայլով, կարծում եմ, տեղում կունենանք շարժական լաբորատորիա, որը թույլ կտա գնորդներին անցկացնել գնվող անասունի լաբորատոր հետազոտություն և համոզվել, որ կենդանին առողջ է»,- մասնավորեցրել է ՀՀ ՍԱՏՄ ղեկավարը:

Անասնաշուկային կից գործում է նաև թարմ մսի վաճառքի կետ, որտեղ արձանագրվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ: Տրվել են հանձնարարականներ, սահմանվել է դրանց կատարման ժամկետ:

Իրավիճակի կարգավորման շուրջ հրավիրված խորհրդակցության ժամանակ Գեղարքունիքի մարզպետը հայտնել է իր պատրաստակամությունը աջակցելու հնարավոր բոլոր միջոցներով: «Անասնաշուկայում առկա խնդիրների լուծումը համարում եմ պատվի հարց: Որոշակի քայլերի շուրջ պայմանավորվեցինք և մեր ջանքերը պետք է միավորենք, որպեսզի կուտակված խնդիրներին լուծում տանք և այս շուկայում միայն առողջ կենդանիներ վաճառվեն»,- ասել է Գնել Սանոսյանը:

ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը խոսել է իրավական առումով անհրաժեշտ կարգավորումների և այդ խնդրում իր լիակատար աջակցության մասին: «Որպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչ, ես այստեղ եմ, որպեսզի հասկանամ, թե օրենսդրական ի՞նչ բացեր կան, որոնք կարող են խոչնդոտել անասնաշուկայի խնդիրների կարգավորմանը, պատկերացնեմ, թե ի՞նչն է խանգարում իրավական նորմերի գործնականում կատարմանը և հնարավորինս նպաստեմ օրենքի դաշտում դրանք լուծելուն»,- ասել է պատգամավորը:

Որպես գործնական առաջին քայլ, մարզպետարանի կողմից առաջիկա շաբաթվա ընթացքում կկատարվի անասնաշուկայի ցանկապատման համար անհրաժեշտ ծախսերի նախահաշվարկ, որի հիման վրա կսկսվեն աշխատանքները: