Վարչապետն այցելել է Արմավիրի թռչնաբուծական ֆաբրիկա. նրան, ի թիվս պաշտոնատար այլ անձանց, ուղեկցել է ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Արմավիրի մարզ: Կառավարության ղեկավարը նախ եղել է Եղեգնուտ համայնքում գտնվող Արմավիրի թռչնաբուծական ֆաբրիկայում, ծանոթացել վերջինիս գործունեությանը և ներդրումային ծրագրերին: 2013 թվականին հիմնադրված ֆաբրիկան զբաղվում է թռչնամսի արտադրությամբ: Ֆաբրիկայի ղեկավարները տեղեկացրել են, որ ընթացիկ տարում ծրագրվում է թռչնամսի արտադրական ծավալները հասցնել 4 հազար տոննայի, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի կլինի 30 տոկոսով: Արտադրական ծավալներն ավելացնելու նպատակով վերջերս ֆաբրիկայում ներդրվել են ժամանակակից նոր սարքավորումներ, այդ թվում ինկուբատորներ, ինչի արդյունքում ֆաբրիկան այլևս ստիպված չի լինի թռչունները ներկրել արտերկրից: Ֆաբրիկայում կատարված ներդրումները գնահատվում են 5-6 մլն դոլար:
Լրագրողների հետ զրույցում վարչապետ Աբրահամյանը նշել է, որ թռչնաֆաբրիկայում կատարվել են լուրջ աշխատանքներ՝ թռչնամսի արտադրության ուղղությամբ: «Մենք պետք է խրախուսենք մեր արտադրողներին և հնարավորություն տանք, որպեսզի ավելացնեն արտադրական ծավալները, ինչը կստեղծի նոր աշխատատեղեր, ժողովորդին կապահովվի տեղական արտադրանքով: Հայաստանը տարեկան ներկրում է 30-31 հազար տոննա թռչնամիս, իսկ տեղում արտադրում 9 հազար 400 տոննա: Կարելի է ներմուծել քիչ և շատ արտադրել: Այդ նպատակով, կառավարությունը պատրաստակամ է աջակցել ներքին արտադրողին»,- նշել է վարչապետը:
Մանրամասներին ծանոթացեք այստեղ